Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մերուժան Հովհաննիսյան
A A
Հարցազրույց Հասարակություն

«Քոչարյանը բացահայտ արհամարհանքով նստած էր դատարանի դահլիճում»

    Հրապարակախոս, Խորհրդային տարիների քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանը ուշադիր հետեւել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, երբ քննարկվում էր նրա խափանման միջոցի փոփոխման հարցը։

Հրապարակախոսն առանձնացնում է  Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի դատարան մտնելը (նրանք եկել էին երաշխավորելու Քոչարյանին՝ ազատ արձակման համար – հեղ.)։

Քոչարյանի հետ նախագահների ողջագուրումը և պահվածքը այնպիսին էր, ըստ Հովհաննիսյանի, կարծես թե մտել էին իրենց հայրական օջախը. «Սա ի՞նչ է, սա ի՞նչ արհամարհանք է դեպի երկիրը, դեպի դատարանը, որտեղ դեռևս դատավարություն է ընթանում»։

Հրապարակախոսի խոսքով՝ քամահրական վերաբերմունք է դրսևորվել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից, որը դատական նիստերի ընթացքում մի անգամ գոնե նկատողություն չէր արել Քոչարյանին, որն այլևս նախագահ չէր, այլ՝ մեղադրյալ։ «Այս հիշեցումը պետք է արվեր, բայց, քանի որ ինքն արդեն տրամադրված էր լինել այն, ինչ թելադրված էր, այդ որոշումը տեղի ունեցավ։ Որոշումը օրենքի բացահայտ խախտումներով էր»,- շեշտեց հասարակական գործիչը՝ հավելելով, որ դատավորը դույզն -իսչ ծանոթ չէ «դատավորի վարքականոնին և արհամարհում էր իր գլխի վերևի խորհրդանիշը»։

«Պետք է քննության առնել այս դատավորի վարքագիծը ոչ միայն այն առումով, թե ինչպիսին է նա այսօր, այլև հետ կանչել և սկսել նրա անցյալի մասին քննություն»,- նշեց նա։

Հովհաննիսյանի համար անընդունելի էր նաև Քոչարյանի աջակիցների կողմից ԼՂՀ դրոշներով դատարան մուտք գործելը. «Ի՞նչ էին ուզում այդ մարդիկ, արդարությո՞ւն, ամենևի՛ն։ Նրանք արդարություն չէին պահանջում, այլ՝ Հայաստանը տասը տարի կեղեքած մի անձնավորության ազատությունը։ Մասամբ հասան դրան։ Բայց առջևում դեռ դատավարություն կա»։     

Ըստ հրապարակախոսի՝  անհապաղ պետք է  այս գործից «մեկուսացնել» բոլոր նրանց, ովքեր Քոչարյանի օրոք նշանակված են դատախազ, դատավոր, քննիչ և այլն։ «Որովհետև նրա աշխատակազմից էին դուրս գալիս այդ անձինք»,-ընդգծեց նա։

Մարտի 1-ի գործի անջատված մասը՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների  մասով  ուղարկվել է ՍԴ։  Մերուժան Հովհաննիսյանը չի մեկնաբանում՝ միայն հիշեցնում է՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի կնքահայրն է։