Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի ելույթն ամբողջությամբ.

Սիրելի’ հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ

Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի լրջանալու կոչ ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, քանի որ ունենք հիմնավորված մտահոգություններ, որ որդեգրված քաղաքականությունը մեզ կարող է լավ տեղ չհասցնել: Մենք հավաքվել ենք, որ ցույց տանք, որ Հայաստանի քաղաքացիների մի մասն էլ համաձայն չէ, մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Թե՞ սիրո և համերաշխության Հայաստանում մենք չենք կարող արտահայտվել, քանի որ կարող է ժողովրդի թշնամի դիտվենք: Մեր խոսքն այսօր շատերի ականջների համար կարող է տհաճ հնչել: Բայց ավելի լավ է իրար հետ անկեղծ լինենք, ասենք թեկուզև դառը ճշմարտությունը, քան մի կողմ քաշվենք՝ խուսափելով պատասխանատվությունից:

Կառավարության ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում ներկայացրեց: Դե ինչ, մեկ տարվա մեջ 100 ձեռքբերումը վատ չէ. 3-4 օրը մեկ՝ մի ձեռքբերում: Բայց, արի ու տես, որ այդ ձեռքբերումներից մի զգալի մասը ամենևին էլ ձեռքբերում չէ: Որպես ձեռքբերում է ներկայացված, օրինակ, նախարարությունների թվի կրճատումը: Այդ ի՞նչ էին ուզում ձեռք բերել, որ կրճատմամբ ձեռք բերեցին: Ի՞նչ է, մշակույթի վիճակը բարելավվե՞ց, գյուղացիներն ավելի լա՞վ սկսեցին ապրել, Սփյուռքի հետ կապն ամրապնդվե՞ց: Կասեք՝ մի քանի օր առաջ են օրենքը փոխել, ինչպե՞ս պետք է այդ կարճ ժամանակահատվածում արդյունք ապահովեին, ու շատ ճիշտ կասեք, բայց եթե մի քանի օր առաջ են օրենքը փոխել, դրա արդյունքը չենք տեսել, ինչպե՞ս են այդ փոփոխությունը որպես ձեռքբերում ներկայացնում: Չեմ ուզում մանրամասնորեն այդ 100 կետերին անդրադառնալ, դա չէ մեր այսօրվա խնդիրը: Իրավամբ ընդունում եմ, որ այդ 100 կետերի մեջ կան ձեռքբերումներ: Այդ ձեռքբերումների մի մասն էլ նախորդ կառավարության ծրագրերի շարունակությունն է, օրինակ՝ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ծրագիրը, որը դեռ նախորդ կառավարությունում դաշնակցական նախարարն էր նախաձեռնել: Բայց չեմ կարող չզարմանալ, երբ Հայաստանից հեռացածների ու Հայաստան վերադարձածների դինամիկան համեմատում են 12 տարվա կտրվածքով: Այդ երբվանի՞ց ենք անցել 12 միավորանոց հաշվարկի համակարգի: Ու դեռ շատ կլինեն նման չակերտավոր ձեռքբերումներ, քանի դեռ իրական ձեռքբերումներ չկան: Իսկ իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ կառավարությունը չի լրջացել ու չի անցել երկրի համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանը:

Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը: Լավ, ես չեմ ասում՝ ինչո՞ւ արդյունք չեմ տեսնում: Չեմ իջել ամբոխավարության այն աստիճանի, որ մի քանի ամսում արդյունք ակնկալեմ: Բայց գոնե կարող եմ, չէ՞, հարցնել՝ սկսվե՞ց այդ հեղափոխությունը, թե՞ հետաձգվում է մինչև դատաիրավական համակարգի բարեփոխումների ավարտը: Ըստ կառավարության հավաստիացումների` պետք է, որ սկսված լիներ: Իսկ ինչո՞ւմ է այդ հեղափոխությունը: Պնդումների մե՞ջ, թե Հայաստանում էլ կոռուպցիա չկա: Բա եթե չկա, ինչո՞ւ ձերբակալվեց առողջապահության փոխնախարարը, ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել պետական վերահսկողական ծառայության պետի դեմ: Իսկ Բագրատաշենում երեկ ի՞նչ էր կատարվում: Մարդիկ պարզ մեղադրում էին, որ կոռուպցիայի զոհ են դարձել:
Ասում են` օլիգարխներ էլ չկան: Իսկ տնտեսության կառուցվածքը փոխվե՞լ է: Այդ ո՞ր կենսական կարևորություն ունեցող ճյուղում գերիշխող դիրք ունեցող ընկերության դիրքերը սասանվեցին: Օլիգարխին խոշոր սեփականատեր կոչելով՝ իմաստը չի փոխվում:

Այո, եթե կան կոռուպցիա ու օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանա: Բայց միայն օլիգարխիայի ու կոռուպցիայի վերացումը չի երաշխավորում տնտեսական աճը: Ակտիվ տնտեսական քաղաքականություն է պետք իրականացնել: Զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները վաղուց արդեն հասկացել և գնում են պետության դերակատարման ու պատասխանատվության ավելացման, տնտեսությանը պետական մասնակցության աստիճանի բարձրացման և համախառն եկամուտների բաշխման ու վերաբաշխման ծավալների հետևողական աճի ճանապարհով: Այդ պետություններում բարձր եկամուտ ունեցողները հանրային խնդիրների լուծման համար վճարում են համեմատաբար ավելի բարձր հարկեր, իսկ պետությունը կանգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների կողքին: Պետական տարբեր աջակցություններով են անապահով ընտանիքները դուրս գալիս աղքատության ճիրաններից, այլ ոչ թե ուղղակի կամ անուղղակի կերպով նրանց մեղադրելու, մերժելու և հասարակությունից մեկուսացնելու ճանապարհով: Ասում են՝ «աղքատությունը գլխիդ մեջ է»: Ուրեմն, եթե մարդ անցյալ տարի աղքատ էր, մեղավորն իշխանություններն էին, եթե հիմա է աղքատ՝ ինքն է մեղավոր: Արդյո՞ք սա արդար մոտեցում է: Իհարկե՝ ոչ:

Աղքատության և գործազրկության կրճատման իրական արդյունքների բացակայության, եկամուտների բարձր բևեռացման մակարդակի պահպանման ֆոնին տեսնում ենք սոցիալական արդարության հաստատմանը հակասող քաղաքականություն և փոփոխություններ, որոնք մեծ հետևողականությամբ առաջ են մղում այսօրվա իշխանությունները՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատավորում, եկամտահարկի համահարթեցում, զբաղվածության և աշխատավորների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ՝ օրախնդիր բարեփոխումների անտեսում ու հետաձգում և այլն:

Ասում են՝ Հայաստանում իրականացնում ենք բարձր աշխատավարձերի քաղաքականություն, Հայաստանը պետք է լինի հարուստների երկիր, Հայաստանը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող ու երեք լեզվով խոսողների երկիր: Իսկ բանվորնե՞րը, արհեստավորնե՞րը, գյուղացինե՞րը: Նրանք երկիր չպե՞տք է ունենան: Ի՞նչ է, հող մշակելը նվազ պատվաբեր գո՞րծ է, քան կայքում գրելը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ` Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը: Նրան է վերապահվում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության խթանման առանցքային դերը՝ հիմնված հնարավորությունների հավասարության, եկամուտների վերաբաշխման և բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմաններն ինքնուրույն ապահովել անկարող անձանց պետական աջակցության սկզբունքների վրա: Սոցիալական պետություն չեն կառուցում՝ լոկ մի խումբ շահառուների նպաստները բարձրացնելով: Սոցիալական պետությունը վարում է ներառական տնտեսական աճի քաղաքականություն, երբ ազգային արդյունքն արդար կերպով բաշխվում է հասարակության անդամների միջև: Ներառական տնտեսական աճը, մեր կառավարության պատկերացմամբ, եկամտահարկի սանդղակի հարթեցումն է, որն էլ ավելի կխորացնի հարուստների ու աղքատների միջև անդունդը:

Աղքատության և սոցիալական անհավասարության այս պայմաններում անհնար է կառուցել իրական ժողովրդավարական հասարակություն: Սոցիալական պետության կառուցման հեշտ ճանապարհ չկա:

Համաշխարհային պատմությունը վկայում է, որ այս գիտակցումը մերժող շատ իշխանություններ ձախողվել են իրենց երկրներում: Իշխանության կողմից միայն արբիտրի դեր ստանձնելով, շուկայական մրցակցությանը ապավինելով, անօրինական երևույթները բացառելով՝ անհնար է ապահովել սոցիալական արդարություն, հանրային լայն բարեկեցություն:

Քանի դեռ մեր իշխանություններն այս պարզ ճշմարտությունը չեն գիտակցել, նրանք ստիպված են լինելու վարչապետի ու նրա ընտանիքի հագուկապը ներկայացնել որպես ձեռքբերում:

Լրջացե՛ք: