Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք որևէ կառավարությանն ընդդիմություն չենք, մենք Սփյուռքում ենք գործում․ ՌԱԿ նախագահ (տեսանյութ)

Մեր պատմության մեջ Սփյուռքի կուսակցությունը չի գործել հայրենիքում, որովհետև ընդդիմական վերաբերմունք որևէ կառավարության հանդեպ չենք ունեցել. «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանը՝ հավելելով, որ միշտ գործել են ի շահ հայ ժողովրդի, Հայաստանի ապահովության, Հայ առաքելական եկեղեցու գործունեության։

Իսկ ռամկավարների օգնությունը հայկական կառավարությանը, ՌԱԿ նախագահի խոսքով, պետք է լինի տարբեր պետությունների հետ հարաբերություններ ստեղծելով ու խորացնելով։ «Ես չեմ ընդունում, որ 100 տարվա ավանդական կուսակցությունները 70-ից ավելի կուսակցությունների շարքին են դասվում»,- ընդգծեց նա՝ նշելով, սակայն, որ լավ հարաբերությունների մեջ են թե՛ ՍԴՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի հետ։

Իսկ որևէ կառավարության հաջողության գրանցումը, ըստ նրա, ժողովրդի կյանքը բարելավելով է երևում։ Իսկ Սփյուռքում գործող կուսակցությունը, ըստ Նահապետյանի, իրավունք չունի քննադատել կառավարությանը, սակայն կարող է հայտնել առկա մտահոգությունները։

Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչին, նա պատասխանեց, որ ժողովրդավարությունից է բխում, որ պետք է կատարվի ժողովրդի մեծամասնության կամքը, և իր համար ընդունելի է ժողովրդի կամքը, թեկուզ դա հակասի սահմանադրականությանը։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը՝ Նահապետյանն ասաց, որ արցախյան հողերը հայկական են և Սփյուռքը մեծ դերակատարություն ունի այս խնդրի կարգավորման մեջ։ «Արցախի խնդրի հետ կապված մեր մտահոգությունն այն է, որ 140-150 հազար մարդ իրավունքներ չունեն։ Սփյուռքը պետք է աշխատի, որ Արցախը ճանաչվի»,- շեշտեց նա։

Արցախահայության իրավունքը պետք է պաշտպանվի, որովհետև, ըստ ՌԱԿ նախագահի, ժողովուրդն իր իրավունքը հաստատել քվեարկությամբ։

Մանրամասները տեսանյութում