Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» մեղադրել է «Փյունիկին», շնորհակալություն հայտնել «Լոռիին»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան», արձագանքելով Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի կատարած հայտարարությանը, ինքը նույնպես հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Վերջին օրերին հայկական ֆուտբոլում ստեղծված իրադրության շուրջ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտնել հետևյալը.

 

  1. Մեր ակումբի ստեղծման առաջին օրվանից մեր թիվ մեկ նպատակն է եղել ոչ թե ամեն գնով տիտղոսներ նվաճելը, այլ, առաջին հերթին, հայկական ֆուտբոլի և Հայաստանի առաջնության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելը, նոր ֆուտբոլային մշակույթ ստեղծելը և առաջնության դիտարժանությունը մեծացնելը: Արդեն այսօր, կարծում ենք, կարող ենք փաստել, որ այդ ուղղությամբ արդեն մեծ քայլ ենք արել: Իսկ ինչ վերաբերում է մեր մարզական նպատակներին, ապա «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի համար սկզբունքային է հաղթանակներ տոնել և տիտղոսներ նվաճել միայն առողջ սպորտային պայքարում:

 

  1. Ինչ վերաբերում է այս օրերին շրջանառվող բազմաթիվ անհեթեթ բամբասանքներին և ամպագոռգոռ հայտարարություններին, մասնավորապես հնչած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և անձամբ պարոն Արթուր Սողոմոնյանի կողմից, կապված «Լոռի» Ֆուտբոլային ակումբին դրամական պարգևավճարներ տալու հետ, ապա ցանկանում ենք ընդգծել, որ դա բացարձակ սուտ է: Դեռ ավելին, ունենալով տեղեկություն, որ «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբն ինքն է վերջին տուրերին պարգևավճարներ խոստանում մեր մրցակիցներին, հարիր չենք համարել դրա մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր ակումբ ինքն է որոշում, թե ինչ մեթոդներով է նախընտրում լուծել իր խնդիրները:

 

Փակելով այս թեման, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Լոռի» Ֆուտբոլային ակումբին ազնիվ ու արժանապատիվ խաղ ցուցադրելու, և արդար խաղի սկզբունքները չդավաճանելու համար: Այսօր, երբ որոշ մարդիկ փորձում են ստվեր նետել հայկական ֆուտբոլի բարի համբավի վրա, «Լոռի» ՖԱ-ն ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհին է և ոչ ոք իրավունք չունի խաղալ հայկական ակումբների բարի անվան հետ: Կարծում ենք, որ «Լոռի» ՖԱ-ի դրսևորած մոտեցումը պետք է օրինակ դառնա հայկական բոլոր ակումբների համար:

 

  1. Կապված մրցավարության հետ պետք է նշենք, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր ակումբը բազմիցս տուժել է մրցավարների սխալ որոշումներից, և, չնայած դրան, մենք հասկանում ենք, որ դա ֆուտբոլի բաղկացուցիչ մասերից է, և նման դեպքերին միշտ արձագանքել ենք արժանապատիվ կերպով, և չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում:

 

Միևնույն ժամանակ, ողջունում ենք ՀՖՖ որոշումը առաջնության վերջին տուրերի սպասարկումը վստահել օտարերկրացի մրցավարներին:

 

Հավալենք, որ մայիսի 20-ին կայացած «Լոռի» - «Փյունիկ» խաղից հետո, որն ավարտվել էր 2:2 հաշվով, Հայաստանի բարձրագույն խմբի պոտենցիալ առաջատար է դարձել հենց «Արարատ-Արմենիան», որը չնայած 2 միավորով զիջում է առաջատար «Փյունիկին», սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել եւ շատ լավ հնարավորություն ունի շրջանցելու իր գլխավոր մրցակցին:

 

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ մայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա» - «Արցախ» հանդիպումը սպասարկելու են իսպանացի մրցավարները՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ:  «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկի արտերկրի մրցավարական անձնակազմ: