Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին հորդորել է լրջանալ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ Վանաձոր «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ.

Վերջին օրերին հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից Լոռի-Փյունիկ հանդիպման հետ կապված իրադարձություններն են։ Պաշտոնական և սոցիալական կայքերի հարթակներում քննարկվում են մրցավարի գործողությունները և այն, որ Լոռին Փյունիկի դեմ խաղում մոտիվացված է եղել չեմպիոնության հավակնորդ այլ ակումբի կողմից։ Այս կապակցությամբ ֆուտբոլային հանրությանը պաշտոնապես տեղեկացնում ենք.

 

  1. Լոռի Ֆուտբոլային Ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ Փյունիկի դեմ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով և առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։

 

  1. Լոռի ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որևէ չափանիշներով։

 

  1. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք է առաջացրել, պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց Լոռին է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն Փյունիկի հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։

 

  1. Միևնույն ժամանակ Փյունիկ ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես, երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Լոռի ակումբի իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին:

 

  1. Լոռին երբեք չի խուսափում արդար որոշումներից, և զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո Փյունիկը կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը»:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն անժամկետ որակազրկել է մայիսի 20-ին կայացած «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանին, իսկ ՀՖՖ-ն ներքին հետաքննություն է սկսել: