Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ադրբեջանում ծանր են տանում Մխիթարյանի Բաքու չմեկնելու փաստը

Ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես արձագանքել են Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու փաստին:

Մասնավորապես՝ azerisport-ին զայրացրել է այն, թե անգլիական ակումբն ինչպես է պատճառաբանել հայ ֆուտբոլիստի չմասնակցելու հանգամանքը Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Մենք գրել ենք ՈՒԵՖԱ-ին՝ արտահայտելով մեր խորին վրդովմունքը ստեղծված իրավիճակի համար: Մխիթարյանը մեր առանցքային խաղացողներից մեկն էր եզրափակիչ տանող ճանապարհին, ուստի նրա բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար: Մենք ցավում ենք, որ ֆուտբոլիստը եզրափակիչ խաղը բաց է թողնելու նման իրադրության պատճառով», - գրված է անգլիական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

«Արսենալում» լավ գիտեն ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, սակայն այդ հարցն անընդհատ ներկայացնում են քաղաքական տեսանկյունից: Ադրբեջանական կառավարությունը հայտնել է, որ պատրաստ է ապահովելու Հենրիխ Մխիթարյանի լիարժեք անվտանգությունը, սակայն «Արսենալն» իր փիարն է անում: Ամբողջ Եվրոպայում, ինչպես նաեւ նրա սահմաններից դուրս, անընդհատ խոսում են Բաքվում եզրափակիչն անցկացնելու աննպատակահարմարության մասին: Եզրափակիչի մյուս մասնակիցը՝ Լոնդոնի «Չելսին», բավականին հավասարակշված է վերաբերվում այդ հարցին:

Պետք է փաստել, որ «Արսենալն» իր հայտարարություններով ծանր վիճակում է դրել հենց իրեն: Միանշանակ է, որ դրանցից հետո արսենալցիներին այնքան էլ ջերմ ընդունելություն չի սպասվում Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում», - գրում է azerisport-ը:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբն այսօր որոշում է կայացրել Հենրիխ Մխիթարյանին չհայտավորել Բաքվում նախատեսված Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է մայիսի 29-ին: