Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

ՀՖՖ-ն չի ընդառաջել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին (տեսանյութ)

Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը՝ «Փյունիկը», քիչ առաջ հայտարարություն է տարածել:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խորին վրդովմունքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի ՖԱ» - «Փյունիկ» հանդիպման մրցավարական անձնակազմի և, մասնավորապես, գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքի կապակցությամբ։

Չեմպիոնական պայքարի համար առանցքային նշանակություն ունեցող հանդիպման ընթացքում մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ, որոնք անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքների հետ։ Այդ սխալների մասին հիշեցնելու կարիք չկա, քանի որ դրանք հիասթափության և ազնիվ զայրույթի ալիք առաջացրեցին ֆուտբոլային ողջ հանրության մեջ։ Իրենց սխալներով մրցավարները ազդեցին հանդիպման ելքի վրա և դրանով ունեցան վճռորոշ ներդրումը չեմպիոնական պայքարում ուժերի դասավորվածության վրա։

Հատկանշական է, որ մայիսի 18-ին, ՀՖՖ-ի կողմից վերոնշյալ խաղը սպասարկող գլխավոր մրցավարին նշանակելուց մեկ օր անց, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին, ներկայացնելով տվյալ մրցավարի պրոֆեսիոնալիզմի և անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ և խնդրելով փոխարինել նրան։ Գրության պատճենն այստեղ։

Ցավոք սրտի, ՀՖՖ-ն չի ընդունել այդ խնդրանքը։

Մրցավարական համակարգում վճռական և խորքային փոփոխությունների կարիքը վաղուց է հասունացել և ակնհայտ է բոլորի համար։ Ցավոք սրտի, մինչ օրս այդ ուղղությամբ չեն արվել հստակ և արդյունավետ քայլեր, որի հետևանքները մենք զգում ենք այսօր։

 

Նման երևույթները անհանդուրժելի են և պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից։ Դրանից տուժում են բոլորը՝ ակումբները, որոնց ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը վերացվում է մրցավարի անհավանական սխալներով, պատանի ֆուտբոլիստները, որոնք տեսնում են ֆուտբոլի անարդարության ողջ տգեղությունը և մեծ հիասթափություն ապրում, հայկական ֆուտբոլի հեղինակությունը երկրի ներսում և միջազգային ասպարեզում, հայկական ֆուտբոլում ներդում կատարող անձինք, և ամենակարևորը՝ երկրպագուները։  

 

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հորդորում է ֆուտբոլային իշխանություններին ձեռնարկել անհապաղ քայլեր մրցավարական անձնակազմի թարմացման, հին «կանոններով» աշխատող և իրենց վարկաբեկած մրցավարներից ընդմիշտ ազատման՝ ազնիվ, պրոֆեսիոնալ մրցավարության և բոլոր ակումբների միջև մրցակցության հավասար պայմանների ապահովման նպատակով։

 

Ընթացող առաջնությունը առանձնանում էր իր դիտարժանությամբ, լարված և հետաքրքիր պայքարով։ Կրկնակի ցավալի է, որ նման առաջնության ելքը կարող է որոշվել ոչ թե խաղադաշտում, ազնիվ պայքարի միջոցով, այլ նմանօրինակ մրցավարության արդյունքում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում իր հիանալի երկրպագուներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին, տվյալ հարցում միասնականության և աջակցության համար։ Հորդորում ենք չհիասթափվել, նույնիսկ եթե դա շատ դժվար է թվում։

Մենք վճռական ենք տրամադրված, միասնական ենք, և պայքարելու ենք մինչև վերջ բաղձալի նպատակին հասնելու համար»։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջնությունում կայացած «Լոռի ՖԱ» - «Փյունիկ» խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 2:2: Ըստ հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսնադր Թարխանովի, գլխավոր մրցավարը նախ 11մ հարված չի նշանակել, ապա չի գրանցել մաքուր խփած գոլը: