Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Քաղաքականություն

Հայկ Ալումյանն էլ չգիտի, թե երբ որոշում կայացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանը

   Ռոբերտ Քոչարյանի պաշտպան  Հայկ Ալումյանը  պնդում է՝   այսօր է տեղեկատվություն ստացել Մարտի 1-ի գործից անջատված մասի վարույթը կասեցնելու մասին։

 Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Դավիթ Գրիգորյանը կասեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը եւ ուղարկել է Սահմանադրական դատարան։ 

«Տվյալ գործով գործողություններ ժամանակավորապես չեն կատարվում մինչև որևէ իրադարձությունը: Տվյալ դեպքում գործողություն չի կատարվելու մինչև Սահմանադրական դատարանը կորոշի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Սահմանադրական դատարանը պիտի որոշի որքանով է Սահմանադրությանը համապատասխանում ներկա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, այն համատեքստում, որ ինքը կիրառվելու է 2008թ. գործողությունների նկատմամբ, երբ այդ հոդվածը չկար»,-  «Ա1+»-ին ասաց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Երբ Ալումյանը հայտնեց որոշումն  հավանաբար այսօր  է կայացվել, հարցրեցինք, թե այսօր դատարանների մուտքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից արգելափակված էին, ինչպե՞ս ստացվեց, որ դատարանը նման որոշում  հասցրեց  կայացնել։

«Միգուցե որոշման կայացման ամսաթիվը այսօր չի, միգուցե դատարանը, երբ որ վարչապետը թույլատրեց, որ դատարանները աշխատեն, դրանից հետ է կայացրել, չգիտեմ»,-ասաց փաստաբանը:

Արդյո՞ք որոշումը կայացնելիս՝ դատարանը հաշվի է առել պաշտպանների միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը մայիսի 14-ին  դատական նիստի ժամանակ նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008-ին հանցագործություն չի եղել, հետևաբար նրա նկատմամբ չի կարող կիրառվել որևէ խափանման միջոց:

«Առաջին ատյանի դատարանը իրավունք ունի իր նախաձեռնությամբ նման որոշում կայացնել և մեր միջնորդության հիման վրա: Տվյալ դեպքում մենք միջնորդել էինք, հավանաբար նկատի ունի մեր միջնորդությունը»,-ասաց Հայկ Ալումյանը։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը  Ռոբերտ  Քոչարյանի եւ երեք նախկին պաշտոնյաների գործի վարույթի կասեցման եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը դեռ չի ստացել: Այս մասին հայտնեց «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ:

Գործի վարույթը  կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ  վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից։

Նա միայն նշեց, որ կառավարության ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ չի խառնվում դատական գործընթացներին:

Դատաիրավական համակարգի վերաբերյալ քննարկմանն այսօր կառավարությունում ներկա չէին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։