Ճանապարհները ճաքճքել են
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կառավարությունը տարեսկզբին 217 միլիոն դրամ էր հատկացրել՝ Մանթաշի մայրուղուց մինչեւ Հառիճավանք ճանապարհի կառուցման համար:
Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն նպաստել համայնքի եւ Գյումրիի միջեւ կապի աշխուժացմանը, այլեւ խթանել զբոսաշրջությունը: Այս եւ մարզի մյուս նորակառույց ճանապարհները ստուգելու նպատակով այցելել էր Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Շիրակի մարզում մի քանի ճանապարհ նախապես ծրագրվել էր կառուցել ՙԼինսի՚ հիմնադրամի միջոցներով, սակայն ծագած խնդիրների պատճառով ֆինանսավորումը դադարեցվել էր եւ փոխանցվել այլ ծրագրերի:
Միայն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Շիրակի մարզում կառուցվել է 52 կիլոմետր միջհամայնքային ճանապարհ: Մանթաշի մայրուղուց մինչեւ Հառիճավանք ձգվող 1450 մետր երկարությամբ ճանապարհի կառուցումը, որի համար հատկացվել էր 217 միլիոն դրամ, գրեթե ավարտվել է: Մնացել է միայն ջրահեռացման համակարգի ամբողջացումը եւ մայթերի ասֆալտապատումը:
Այս ճանապարհը բացի Հառիճի եւ Գյումրիի միջեւ կապն աշխուժացնելու առաքելությունից ունի նաեւ զբոսաշրջության խթանման նպատակ: Ասֆալտապատված է ընդհուպ մինչեւ Հառիճի վանքային համալիրը՝ Շիրակի մարզի լավագույնս պահպանված հնավայրերից մեկը: Միայն թե գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը դժգոհ է ջրահեռացման համակարգից, որի առնչությամբ մի քանի անգամ ստացել է գյուղացիների բողոքը: Նա նշեց, որ շինարարը խոստացել է վերացնել թերութոյւնը:
Հառիճից հետո նախարարը ցանկացավ տեսնել Արթիկ - Անուշավան - Փանիկ ճանապարհահատվածը: Այստեղ պարզվեց,որ նախագծման ժամանակ գրունտային առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով նոր ասֆալտապատված ճանապարհի մի հատվածն արդեն ճաքճքել է: Գյուղապետն ու գյուղացիները հավաստիացնում են, որ ձմռան հալոցքներից հետո այն կարող է լիովին անանցանելի դառնալ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս եւ մյուս ճանապարհների վնասման գործում մեծ դեր են ունեցել նաեւ ամռան ընթացքում աննախադեպ քանակով տեղացած անձրեւները: Շինարար կազմակերպութոյւնը խոստացել է իր հաշվին վերականգնել վնասված հատվածները:
Գուրգեն Սարգսյանն այցելեց նաեւ Առափի՝ ծանոթանալու մինչեւ Հայկավան տանող 14 կիլոմետր երկարությամբ ճանապարհի որակին: Ճանապարհի այն հատվածը, որը տարիներ շարունակ վերանորոգումներից հետո դարձյալ անանցանելի էր դառնում սողանքի պատճառով, որոշվել է խիճով պատել:
Նախարարը նշեց, որ երբ բացվի Թուրքիա- Հայաստան պետական սահմանը, աշխատանքներ կսկսվեն նաեւ միջպետական ճանապարհների կառուցման ուղղությամբ:
Այս տարի մարզում ավարտին են հասցվում ծրագրված ճանապարհաշինական բոլոր աշխատանքները, իսկ եկող տարի Շիրակի մարզում շարունակվելու է միջհամայնքային ճանապարհների կառուցման ֆինանսավորումը: