Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնալու եմ Նոստրադամուսի մոտ ...»

Մարզեր

   Արարատ   գյուղի  դաշտերի  մի  մասը  ոռոգվում  է կոյուղաջրերով: Ներկայումս  կոյուղագիծը անմիխիթար վիճակում է. 2-3 կմ երկարությամբ կոյուղագծի տարբեր հատվածներում բացակայում են խողովակները: Այս  խնդիրը  տարիների  պատմություն  ունի:

   Գյուղացիները  նշում են, որ  գյուղատնտեսական կուլտուրանների մշակության համար  օգտագործվող  կոյուղու  ջրերը  թունավորում են   հազարավոր  մարդկանց:  Գյուղացիներից  մեկը,որը  չցանկացավ  ներկայանալ, ասաց, որ  իր   բոստանի  բանջարեղենը  վաճառում  է  անծանոթներին,  իսկ  ինքը ապահովության  համար գնում  է  ուրիշ  գյուղի  բանջարեղենը:

«2 հեկտար   հող  եմ  մշակում, աճեցնում  եմ  լոլիկ,  սմբուկ:  Հիմա  հողս  պետք է  կամ  չջրեմ, կամ  կեղտաջրով  ջրեմ, ինչի արդյունքում էլ բերքս չի վաճառվում. շուկայում  մարդիկ  հենց  իմանում  են, որ այս  գյուղի  բանջարեղենն  է, չեն  գնում»,-մեզ  հետ  զրույցում  ասաց  հողագործ  Րաֆֆի  Հովաննիսյանը:

Արարատի գյուղապետ Գրիշ Մելքոնյանի   հավաստմամբ,  շատ  դեպքերում  էլ  գյուղացիները  միտումնավոր են նախընտրում կոյուղաջուրը,  որ  ջրի  հարկ  չվճարեն: 

Արարատի Ջրօգտագործողներ ընկերության տնօրեն   Խաչիկ  Հարությունյանի  հավաստմամբ,  իրենք  դիմել  են    ՀՀ  առողջապահության  նախարարության  պետական  համաճարակային  տեսչության  Արարատի  մարզային  կենտրոնի  պետին, նաեւ'  ՀՀ  Արարատի   մարզի  «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ  «Կենտրոն- Արեւմտյան»  տարածքային  մասնաճյուղի  տնօրենին, բայց  մինչ օրս  անպատասխան  են  մնացել:

«Գրավոր  դիմումներով  տարբեր  ժամանակներում  դիմել  ենք  Արարատի  մարզպետներ  ե'ւ  Հովիկ  Աբրահամյանին,  ե'ւ  Ալիկ  Սարգսյանին, Վեդի  քաղաքի  սանէպիդկայանին, ինչպես  նաեւ  «Ջրային   տնտեսության   պետական  կոմիտեի»  նախագահին: Ոչ  ոք  ոչնչով   չի  կարողացել  կամ  չի  ցանկացել  օգնել:  Գործող  մարզպետին  էլ դեռ  չենք  դիմել»,-ասաց  գյուղապետ  Գրիշ  Մելքոնյանը:

«Ա1+»-ի   հարցին, թե  մոտ  ապագայում խնդրի լուծման համար   գյուղապետ  Գրիշ  Մելքոնյանը  ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել, պատասխանեց. «Մտադիր  եմ  գնալ  Նոստրադամուսի  մոտ, ինչ  ասի, էն  էլ  կանեմ»:

Հիշեցնենք, որ   գյուղին  հասցված վնասները' թալանված խողովակներն ու չվաճառված մթերքը, արդեն   հասնում  են  մի  քանի միլիոնի: