Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մինսկի Եվրոպական խաղերում մարզիկները կապրեն նորակառույց հանրակացարանում

Մինսկում կայանալիք Եվրոպական 2-րդ խաղերում 50 երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություները կապրեն «Ուսանողական ավանում», որի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս այցելել է վերակառուցված ավան եւ բարձր գնահատական տվել կատարված աշխատանքներին: «Ուսանողական ավանը» բաղկացած է 9 շենքերից: Եվրոպական խաղերի ժամանակ այն կհյուրընկալի 6000 մարզիկ-մարզուհիների եւ պատվիրակությունների անդամների, իսկ հետո կվերածվի ուսանողական հանրակացարանի եւ կտեղավորի 9800 մարդու:

Խաղերի համար հատուկ կառուցվել է 2000 տեղանոց ճաշարան, որը հետագայում կդառնա մարզադահլիճ: Շենքերից մեկում ստեղծվել է նաեւ բժշկական կենտրոն, որտեղ կաշխատեն քաղաքի լավագույն 35 բժիշկները:

«Ուսանողական ավանը» շահագործման կհանձնվի հունիսի 10-ին: Առաջին մարզիկների ժամանումը ավան՝ նախատեսված է հունիսի 18-ին:

Եվրոպական խաղերի ժամանակ ամենամեծ պատվիրակությունը սպասվում է Ռուսաստանից՝ 408 մարդ: Ամենաքիչ ներկայացուցիչները կունենան Լիխտենշտեյնն ու Սան Մարինոն՝ 7-ական: Եվրոպական խաղերում հանդես կգան 21 մարզաձեւերի 4000-ից ավելի ներկայացուցիչներ:

Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 21-ից հունիսի 30-ը: