Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչ մարդիկ հաճույքներ են վայելում, ես նստած եմ կիսամութ սենյակում».Իվո Պոգորելիչ (տեսանյութ)

Մշակույթ
Ruzan nkar 1

Կարելի է լավ նվագել և հանդիսատեսի ծափահարությանն արժանանալ, բայց սա բավարար չէ լեգենդար դաշնակահար, ազգությամբ խորվաթ Իվո Պոգորելիչի համար։

Ստանդարտից դուրս կատարման համար պետք է բարձրացնել կատարողական չափանիշը, իսկ դրա համար միայն տաղանդ ունենալը քիչ է։

   «Սիրում եմ անձրևի տակ քայլել, սիրում եմ արևն ու ծովը, սակայն միշտ չէ, որ կարող եմ օգտվել կյանքի այս վայելքներից, քանի որ իմ աշխատանքը կատարելություն է պահանջում, իսկ կատարելությունը մեծ աշխատանք։ Եւ մինչ մարդիկ հաճույքներ են վայելում, ես նստած եմ կիսամութ սենյակում դաշնամուրի առջև՝ գիտակցելով, որ  հենց  սա է իմ կոչումն ու պարտականությունը»,-ասում է հանրահայտ երաժիշտը:

  Աշխատանքի մեջ զինվորական կարգապահություն որդեգրած Իվո Պոգորելիչը մոտ մեկ ժամ ուշացավ հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը և նախընտրեց հարցազրույցը շենքից տեղափոխել Արամ Խաչատրյանի արձանի տարածք, քանի որ նրա խոսքով այստեղ յուրահատուկ մթնոլորտ է:

Երաժիշտը չնայած կարճ ժամանակ է Երևանում է, սակայն արդեն իսկ մեծագույն հաճույք է ստացել ինքնատիպ միջավայր ունեցող Երևանից, որտեղ մարդիկ ջերմ են ու ժպտերես:

Հայերի և Հայաստանի մասին նա տեղեկացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի անդամներից, որոնց հետ շատ մոտ է եղել Լոնդոնում ապրած տարիներին:

 Իվո Պոգորելիչը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում՝ «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ երաժշտական փառատոնի շրջանակում։

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա դաշնակահարի մենահամերգը:

Այս տարի Իվո Պոգորելիչ տոնում է ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակները։ Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված նրա կյանքին և գործունեությանը։

   Իվո Պոգորելիչն ասում է՝ մեծ հարգանք է տածում ճապոնական ու չինական քաղաքակրթության հանդեպ, հիանում այս ազգերի կազմակերպչական ունակություններով և շատ գնահատված է զգում իրեն այս երկրներում, քանի որ, նրա խոսքով, Արևելքի այս ժողովուրդները Եվրոպական մշակույթով կարծես ավելի հիանում են ու հարգում»: