Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոռուպցիա՞ չէ Տարոն Մարգարյանի կողմից Ձեզ հատկացված հողատարածքը. Բաբաջանյանը` դատախազին

Ձեր օրը փչացնեմ էլի. այսպես իր ելույթը սկսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Պարո՛ն Դավթյան, Դուք այստեղ կոռուպցիայի մասին էիք խոսում, դատախազության կատարած աշխատանքի, նույնիսկ Ձեր խոսքի վերջում հորդորում էիք պաշտոնյաներին ուշադիր լինել և կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս անմասն մնալ»,- գլխավոր դատախազի խոսքերը հեշեցրեց պատգամավորը։

Ապա շարունակեց,  թե արդյո՞ք կոռուպցիա չէ, որ գլխավոր դատախազության ՏՏ և ԱՎ պետի պաշտոնում նշանակված է Արթուր Դավթյանի զարմիկը՝ Սարգիս Թարխանյանը, 2017թ. Լոռու մարզի դատախազ է նշանակվել սանիկը՝ Արսեն Մարտիրոսյանը, 2016 թ. Լոռու մարզի դատախազ է նշանակվել սանիկը՝ Կարեն Գաբրիելյանը, Սևակ Հովհաննիսյանը տեղափոխվել է գլխավոր դատախազություն և ընդամենը 2 տարվա աշխատանքային փորձով նշանակվել է Արարատի մարզի դատախազ։

«Դառնալով գլխավոր դատախազ՝ որոշել եք անմիջապես փոխել դատախազական համազգեստը և պետությունից դրա համար պահանջել եք 58 միլիոն դրամ։ Գալով գլխավոր դատախազություն՝ որոշել եք դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել, և այդ հարկը պետության վրա արժեցել է 160 միլիոն դրամ։ Հետո այդ հարկ եք տեղափոխել Ձեր առանձնասենյակը, և այսօր համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն 100 քմ տարածք եք զբաղեցնում»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը։

Բաբաջանյանը խոսեց նաև դեպի Արթուր Դավթյանի առանձնասենյակը տանող 14 միլիոն դրամ արժեցած վերելակի մասին, որի հարմարեցման համար նույնիսկ հարկի առաստաղն է բարձրացվել։

Նա հարցադրում արեց գլխավոր դատախազին, թե ինչո՞ւ Վահագն Հարությունյանին չի հրավիրում Ռուսաստանից Հայաստան գալ և օգնել «Մարտի 1»-ի գործով ապացույցների կեղծման բացահայտմանը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կոռուպցիա չէ Տարոն Մարգարյանի կողմից Աջափնյակում նրան հատկացված հողատարածքը, որի վրա կառուցվել է կես միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը։

«Երբ որ Ձեր ուսումնառությունն ավարտում էիք 2000 թ., Հոռոմ գյուղում ունեիք մի հատ հողատարածք, մի հատ էլ շատ համեստ տուն»,- եզրափակեց Բաբաջանյանը՝ խորհուրդ տալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին մի նորմ սահմանել և այսպիսի պաշտոնյաներին չծափահարել։