Թռուցիկներ՝ մեքենաների վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հարգեք մեր իրավունքները», «Մի կայանեք հատուկ գծանշված տարածքում» թռուցիկները փակցվեցին տարբեր մեքենաների վրա: «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները Երևանի տարբեր վայրերում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար նախատեսված կայանատեղիներում կայանված մեքենաների վրա փակցնում էին այդ պաստառները։
Առաջին կանգառը «Էրեբունի» բժշկական կենտրոնն էր, որի մուտքի մոտ 4 կայանատեղի կար հատկացված հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: Կազմակերպության նախագահ Հունան Հունանյանի խոսքով՝ այդ վայրում ոչ մի անգամ կայանատեղիները ազատ չեն լինում: Այս անգամը ևս բացառություն չէր, 4 կայանատեղիներն էլ զբաղված էին:
Օրենքով սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար նախատեսված կայանատեղիներում պետք է առանձնացված տեղերը հստակ գծանշված լինեն և՛ գետնի վրա, և՛ հատուկ ուղղահայաց ցուցանակի միջոցով: Իսկ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մեքենաների վրա պետք է փակցրած լինեն «Անվճար կայանման թույլտվություն» պաստառը:
Հիվանդանոցի մուտքի մոտ քաղաքացիներին հուշողը՝ ասֆալտի գծանշումներն էին, բայց ըստ երևույթին քաղաքացիները դրանք չեն էլ նկատում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից «Ա1+»-ին պարզաբանեցին, որ հիվանդանոցը այդ տարածքը նախատեսել է հաշմանդամություն ունեցողների համար, բայց հիվանդանոցի բոլոր կայանատեղիները անվճար են գործում, այսինքն ավտոկայանատեղի աշխատող չկա, որը կվերահսկի իրավիճակը:
«Այսպես ասած թողել ենք քաղաքացու խղճի վրա: Քաղաքացին երբ որ գալիս, տեսնում է այդ նշանը, ինքը պետք է չկանգնի, չենք կարող վերահսկել, որովհետև անվճար ենք դարձրել»,- նշեցին հիվանդանոցից:
Ակցիան Էրեբունուց տեղափոխվեց Կենտրոն վարչական շրջան, որտեղ նույնպես հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար նախատեսված կայանատեղիներում կայանված էին այլ մեքենաներ:
Մասնավորապես՝ «Հանրապետության» և «Վարդանանց» փողոցների խաչմերուկի անկյունում ցուցանակ կար, բայց կայանված մեքենաներից և ոչ մեկի վրա փակցրած չէր՝ անվճար կայանման թույլտվություն ունեցող պաստառը: «Հանրապետության» և «Բուզանդ» փողոցների խաչմերուկում նույնպես ցուցանակ կար, բայց կրկին կայանված էին այլ մեքենաներ: