Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ghazaryan Davit, varchapet
A A
Քաղաքականություն

«Սպայկա»-ի տնօրենը կշարունակի մնալ կալանքի տակ (տեսանյութ)

ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում հրապարակվեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի բողոքի քննության վերաբերյալ որոշումը։

Դատարանը մերժեց բողոքը և «Սպայկա»-ի տնօրենը կշարունակի մնալ կալանքի տակ։

Փաստաբան Արսեն Սարդարյանի խոսքով, մեղադրող կողմը որևէ հիմնավոր փաստարկ չներկայացրեց, թե ինչու Ղազարյանը պետք է մնա կալանքի տակ։ Ըստ փաստաբանի, դատախազները նշել են, որ տնօրենի հեղինակությունն է, որ կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Նա նաև ընդգծեց, որ այս դատական գործը ուղղակի գումար կորզելու մեխանիզմ է։

Նշենք, որ փաստաբանները բողոքարկել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի ապրիլի 8-ին կայացրած՝ Ղազարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը։

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ):

Նշենք, որ ըստ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության՝ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվառման համար և մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

Իսկ վերոնշյալին ի պատասխան՝ Սպայկան հայտարարել էր, որ միայն այն բանի համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար: