Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0126767
A A
Հասարակություն

1 մլն մարդ այդ հարցով դիմում է ինձ. Հայկ Մարության (տեսանյութ)

Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորին արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներակայցվի Կառավարություն՝ ծրագիրը վարկային միջոցներով իրագործելու համար: 

Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարների վերացման աշխատանքներից հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: Հետիոտների և վարորդների դժգոհությանը քաղաքապետն անձամբ է համաձայն է. շրջել է քաղաքում և իրավիճակն անընդունելի է համարում:


«Մենք հասկանում ենք, որ ձեր ընկերությունների գերնպատակը ձեր աշխատանքներն անելն է և դրանում մենք ձեզ չենք խոչընդոտում: Ավելին, տվել ենք տասնյակ թույլտվություններ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հասցեներում միաժամանակ պետք է սկսեք և կիսատ թողեք: Ինձ համար դա անընդունելի է: Օրեր շարունակ վերականգնված չէր Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը: Այդպիսի մեծ և կարևորագույն փողոցում քանդված վիճակն ուղղակի անհասկանալի է: Եթե այսպես շարունակվի՝ այլևս չենք տալու որևէ թույլտվություն, որովհետև 1 մլն մարդ այդ հարցով դիմում է ինձ: Բնակիչների բողոքները օբյեկտիվ են և ընդունելի: Քաղաքի դիրքրոշումն այս հարցում այսուհետ շատ կոշտ պետք է պահենք»,-ընդգծել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Աղբահանությունից բացի քաղաքապետարանը բավարար չի համարում նաև քաղաքի ընդհանուր մաքրությունը:
«Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավվեք, ապա, արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»:
«Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի սանմաքրման հարցում լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գերբեռնված շինարարական մեքենաները, որոնք երթևեկության ընթացքում կեղտոտում են փողոցները շինարարական նյութերով:

Քաղաքապետը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ միջոցներ ձեռնարկել և տուգանել նման վարորդներին:
Քաղաքապետն անդրադարձել է նաև աղբամանների խնդրին՝ ընդգծելով, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղներ են:


«Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝  տեսնում ես՝ դրված են չորս, հինգ և ավելի շատ, նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», - ընդգծել է քաղաքապետը՝ դիմելով «Սանիթեքի» ներկայացուցիչին:


Խոսելով քաղաքապետարանի կողմից անցկացվող գնումների գործընթացի մասին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ մինչ օրս անցկացված մրցույթների արդյունքներով տնտեսվել է ավելի քան 1 մլրդ, 255 մլն դրամ: Քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների մրցույթներին.

 
«Եթե մեզ մոտ կան «վառվող» մրցույթներ, ինչը նշանակում է, որ օր առաջ մեր բնակիչները սպասում են, որ փոսալցում լինի՝ ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ մրցույթի անցկացումից հետո հնարավորին սեղմ ժամկետում կնքվի պայմանգիր, և աշխատանքներն սկսեն»:


Անդրադառնալով մրցույթներին մասնակցության հայտեր չլինելուն՝ հանձնարարվել է լրատվամիջոցներով և այլ հարթակներով քաղաքացիներին ու կազմակերպություններին պարբերաբար իրազեկել անցկացվող մրցույթների մասին:


«Նախկինում ասվում էր՝ քաղաքապետարանը փակ է և ոչ ոք չի կարող մասնակցել: Այսօր բաց է, սակայն մասնակիցներ չկան: Հասկանալի է, որ մրցույթի պայմանները նախկինում ավելի շահութաբեր էին, սակայն մենք պետք է ապահովենք մասնակցություն: Դրա համար պետք է տեղեկատվությունը հնարավորին շատ տարածվի և մեր քաղաքացիները տեղեկանան դրանց մասին»,-ընդգծել է Հայկ Մարությանը:


Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին և ստորաբաժանումներին՝ ապրիլի 24-ի և Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու ու անցկացնելու համար.
«Մենք այդ օրերին արեցինք այն, ինչը մեզնից սպասում էին: Սա նաև ապացույց էր, որ մենք մի թիմ ենք և այդ թիմը կարող է հիանալի արդյունք տալ, երբ աշխատում է ճիշտ: Վստահ եմ, որ նույն կազմակերպվածությամբ կարող ենք աշխատել նաև տարվա մյուս օրերին»: