Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սոդերթելիեի քաղաքապետը առաջին անգամ Հայաստանում է

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետուհի տիկին Բուել Գոդներին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում ունեցած դերակատարության մասին: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ ժողովուրդն իր անսասան ու զորեղ հավատքի շնորհիվ կարողացել է դիմագրավել բազմապիսի փորձություններ:

Իր հերթին Սոդերթելիեի քաղաքապետուհին արձանագրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Քաղաքապետուհին Նորին Սրբությանը նաև տեղեկություններ փոխանցեց իր քաղաքի հայկական համայնքի գործունեության մասին՝ ընդգծելով, որ հայերը կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքի վարչական, տնտեսական և հասարակական կյանքում: Տիկին Բուել Գոդները ուրախությամբ նշեց, որ Սկանդինավիայում առաջին հայկական եկեղեցին Սոդերթելիե քաղաքում է կառուցվել, ուր առկա են նաև ամենաշատ քրիստոնեական համայնքները:

Գարեգին Բ. Հայրապետը՝ ի դեմս քաղաքապետուհու, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հագատար վերաբերմունքի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Միջին Արևելքում քրիստոնեական համայնքների դիմագրաված դժվարություններին և քրիստոնյաների արտագաղթին:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։