Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նվեր-Հովհաննիսյան
A A
Քաղաքականություն

ԵԿՄ անդամի սպանության մեջ մեղադրվողը մեկ տարի է չի հայտնաբերվել (տեսանյութ)

2018 թվականի ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանի  հրաժարականից ժամեր անց, Էջմիածնի կենտրնում տեղի ունեցած դանակահարությունից հետո  մահացել էր Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օգնականը՝ Նվեր Հովհաննիսյանը: Վերջինս  ստացել էր կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած  վնասվածք:

«Էջմիածնում տեղի է ունեցել տարբեր հրահրումներ, տարբեր խմբերի կողմից, մոտավորապես ինձ հասած տեղեկություններով  այս  բնույթի, որ  տեսաք մենք հաղթեցինք, իսկ մորքուրիս տղան կանգնել է դրանց առջև ու ասել է՝ դուք չհաղթեցիք, այդքան բանը չհասկացաք, հաղթեց ժողովուրդը: Ու այդ  հրահրումներից մեկի ժամանակ լսվել է մորաքրոջս տղայի  ձայնը, որն ասել է ՝ տղերք  ինձ խփեցին», - ասաց Նվեր Հովհաննիսյանի մորաքրոջ որդին՝ Կարեն Մկրտչյանը:  

Ապրիլի 24-ին Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որում ասված էր՝ տեղի ունեցած իրադարձությունները ղեկավարել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև Ճոյտ մականունով։  Նվեր Հովհաննիսյանի մորաքրոջ որդին ՝ Կարեն Մկրտչյանը «Ա1+»-ի հետ զրույցում այս տեղեկությունը չհերքեց:

 «Ինձ  հասած տեղեկությունների համաձայն ՝  մեկը եղել է Հակոբ Հակոբյանի թիմը, մյուսը չեմ կարող ասել, մի խումբ էլ է եղել, որոնք  նույնպես ուզում էին  Էջմիածնում  իշխանություն հաստատեին»: 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել: Որպես մեղադրյալ է ներգրավվել Էջմիածնի բնակիչ 51-ամյա Գրիգոր Ավետիսյանը: Առ այսօր Գրիգոր Ավետիսյանը չի հայտնաբերվել, այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- նշեց Քննչական կոմիտետի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Կարեն Մկրտչյանը չբացառեց, որ  տեղի ունեցած սպանությունը հրահանգված է եղել ուրիշի կողմից: Նրա խոսքով՝  Նվեր Հովհաննիսյանի ընտանիքի միակ դարմանը կլինի, մեղավորին բացահայտելն ու նրան դատապարտելը: