Բացել լրահոսը Փակել լրահոսը
Avagani
A A
Հասարակություն

Պարո՛ն քաղաքապետ, բա ո՞ւր կորան պաթոսները. ընդդիմադիր ավագանու անդամը՝ քաղաքապետին (տեսանյութ)

Մինչ Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգի հաստատումը,  ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը առաջարկեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային  հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու հարցի քննարկումը տեղափոխել 2-րդ տեղը:

Առաջարկը ավագանու անդամը պատճառաբանեց նրանով, որ աղբահանության վերաբերյալ հարցը 16-րդ կետում է տեղադրվել միտումնավոր, լրատվամիջոցների բացակայությունից և ավագանու անդամների հոգնածությունից օգտվելով, որոշումն ընդունելու համար։  

Սակայն 7 կողմ, 32 դեմ, 18 ձեռնպահ ձայներով առաջարկը չընդունվեց։

Որից հետո Մանրիկյանն անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի և քաղաքապետարանի գործունեությանը։ Նա խոսեց օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցած կամազների գնման նախագծի քննարկման մասին,  այն որակելով անհարգալից վերաբերմունք՝ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ՝ «Լույսի» և «Բարգավաճ Հայաստանի»։

«Ինչո՞ւ Դուք նախօրոք չեք տեղեկացրել մնացած երկու ընդդիմադիր ուժերին, չնայած օրեր առաջ Հանրային ՀԸ-ում իմ հարգելի  գործընկեր Հայկ Հովհաննիսյանը նշեց նաև «Իմ քայլը» դաշինքից ընդամենը 4-5 հոգի ավագանու անդամ է տեղյակ եղել այդ նախագծի որոշումից»,- հարցադրում արեց Մարությանին ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ գործադիր մարմինը պարտավոր է տեղեկացնել բոլոր քայլերի մասին։

«Իսկ ո՞վ է ասել, որ 24 կամազ պետք է լինի, և ոչ թե 15 կամ 30։ Դուք ունե՞ք համապատասխան մոնիտորինգ, համոզված եմ չունեք։ Դուք ունե՞ք ծրագիր, որ ասում եք՝ «900 միլիոն տրամադրենք»։ Եթե ունեք, բերե՛ք ֆրակցիաներով քննարկենք»,- հարցադրումներ արեց նա՝ հավելելով դեմ առ դեմ բանավեճ անելու պատրաստակամության մասին։

Ի պատասխան Հայկ Մարության ասաց, որ նախընտրական շրջան չէ, և բանավեճերի ժամանակը չէ, ինչին Մանրիկյանն արձագանքեց, ասելով, որ «Կապ չունի նախընտրական, թե հետընտրական շրջան է, եթե դու ունես հարցերի անհամաձայնություն և տեսակետների տարաձայնություն, ուրեմն դու կարող ես բանավիճել»։

Իր հերթին ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը հարց ուղղեց Մարությանին. «Պարո՛ն քաղաքապետ, բա ո՞ւր կորան պաթոսները, որ Ձեր համար տարբերություն չկան խմբակցությունների միջև»։

Քաղաքապետն ի պատասխան ասաց. «Տիկի՛ն Խաչատրյան, եկե՛ք տեղից ոչ ոք չխոսա հենց այնպես»։ Անդրդառնալով կամազների հարցին՝ ասաց, որ փետրվարից հայտնի է եղել, որ մեքենաների գնման մրցույթ է հայտարարված։ «Կառավարության նիստի ժամանակ իմացա՞ք, որ էդպիսի բան կա։ Կառավարության նիստի ժամանակ ընդամենը մենք խնդրեցինք կառավարությունից, որ էդ 24 հատից մի քանիսը շուտ բերենք»։

Մանրիկյանն արձագանքեց՝ ասելով, որ եթե աղբահանության ծրագիր չկա, հաստատված հաստիքացուցակ չկա, «էնքան, որ բերենք-դնենք» է արվո՞ւմ։ Խմբակցության ղեկավարը նաև քաղաքապետից պահանջեց վերջին վեց ամիսների Սանիթեքի հետ ունեցած քաղաքապետարանի նամակագրությունը, այլապես՝ սև գործունեությունների կասկածներ առաջ կգան։