Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Հասարակություն

Տավուշի Նավուր համայնքի 25 բնակիչ թունավորվել է ջրից

   Երեկ  եւ այսօր  աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: 

Ըստ ԱՆ հաղորդագրության՝  Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը:

Արձանագրված դեպքերի պատճառահետևանքային կապը և վարակի աղբյուրը պարզելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ:

Իրականացվել են բակային համայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են աղեստամոքսային գանգատ ունեցող բնակիչներ։ Հետազոտությունների ընթացքում կատարվել են նմուշառումներ հիվանդների կոնտակտավորներից և շրջակա միջավայրից (խմելու ջուր):

Հիվանդների մոտ ախտորոշվել է աղիքային վարակ: Նմուշների լաբորատոր հետազոտությունները ընթացքում են:

Ներկայումս Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքի 25 բնակիչ, որից 20-ը մինչև 18 տարեկան են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միևնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում՝ չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրևներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքներով: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է:

Ներկայումս ջրատարից ջրամատակարարումը դադարեցված է, աշխատանքներ են տարվում կապտաժի և ջրատարի ախտահանման ուղղությամբ:

Աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ: