Բացել լրահոսը Փակել լրահոսը
davit, nkar
A A
Հասարակություն

Քաղաքապետարանը միտումնավո՞ր է բողոքարկել ավտոմեքենաների գնման գործընթացը (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է Կառավարության այսօրվա նիստում քննարկվող «մեկ անձից» գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  2019թ. փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում: Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանի այս քայլը  միտումնավոր է համարում: Ըստ նրա՝ քաղաքապետարանը նպատակ է ունեցել  մեքենաները գնել մեկ կազմակերպությունից, այդ իսկ պատճառով բողոքարկել է:

«Իրավիճակն այսօր այնպիսին է, որ ես չեմ կարող ասել, որ գնում մի կատարեք, որովհետև բերել և հասցրել են այնպիսի վիճակի, որ այլ ելք չի կարող լինել»,- ասաց ավագանու անդամը:

«Սա նոր Հայաստանի գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի - պետություն մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ կազմակերպության հետ իրականացնելու այդ գնումը»,- հավելեց Դավիթ Խաժակյանը:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քաղաքապետարանը պատվիրել է 24 նոր մեքենաներ և առաջիկայում կպատվիրի ևս 5-ը։ Անդրադառնալով այս գրառմանը, ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամն իր զարմանքը հայտնեց:

«Եթե այդ գործընթացը դատարանում է, ինչպես կարող է պատվիրված լինել, եթե մրցույթը ոչ միայն կայացած չէ, այլև չեղարկված է ՀՀ  գնումների հետ կապված բողոքների քննող անձի կողմից և քաղաքապետարանը պարտավորեցված է  փոխել տեխնիկական բնութագրերը»: