Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչ են ահազանգում քաղաքացիները. 201 զանգ

Քաղաքացիների ահազանգերին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում
գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. մարտ ամսին
ստացվել է 201 հեռախոսազանգ:

Նախարարություն ահազանգած քաղաքացու պնդմամբ իբրև «Հայփոստ» ՓԲԸ-ի
փոստային բաժանմունքներից մեկում կենսաթոշակները վճարելիս 600-700 դրամի
չափով անհիմն պահումներ են կատարվում:

Փոստային քաղաքականության վարչությունը քաղաքացու դիմումն անմիջապես
վերահասցեավորել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, որտեղից տեղեկացրել են,
որ քաղաքացին հրաժարվել է նշել կենսաթոշակառուի տվյալները: Ստացված
տեղեկատվության սահմանափակ լինելու պատճառով կոնկրետ խախտում բացահայտել
հնարավոր չի եղել, սակայն տվյալ բաժանմունքում սահմանվել է վերահսկողության
հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում կատարվելու է տարբեր
ուղղություններով բաժանմունքի գործընթացի համապատասխանության ստուգում:
Կոնկրետ կենսաթոշակառուների և նպաստների վճարումների առնչությամբ
դիտարկվելու են բաժանմունքում տեղակայված տեսախցիկների
տեսաձայնագրությունները, գործարքի կնքման արդյունքում ստորագրված
փաստաթղթերի համապատասխանությունը, ինչպես նաև ընկերության աշխատակարգերով
սահմանված այլ հանգամանքներ:

«Թեժ գծին» ահազանգած քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրել էր, որ դեպի
Ալավերդի տանող ճանապարհահատվածում կիսատ թողնված շինաշխատանքները
խոչընդոտում են երթևեկությունը, իսկ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի Ֆիոլետովոյի
հատվածում գոյացած փոսերը վնասում են մեքենաները: «Հայաստանի ավտոմոբիլային
ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենի այցելությունից հետո ճանապարհը
սպասարկող կապալառու ընկերությունը հարցին ժամանակավոր լուծում է տվել`
մինչև հիմնանորոգումը, որը նախատեսված է կատարել 2019 թվականի ընթացքում:

Ճանապարհների ձմեռային սպասարկմանը վերաբերող մեկ այլ բողոք էլ ստացվել է
Ստեփանավան - Երևան ճանապարհի Վանաձորի հատվածը աղ ու ավազով ոչ պատշաճ
մշակմանը: Նախարարությանը դիմած քաղաքացին պնդում էր, որ ավազահատիկները
չափազանց խոշոր են, և դրանց վրայով անցնելիս մեքենաները վնասվում են:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի
աշխատակիցները խնդիրն անմիջապես ուսումնասիրել են և տեղեկացրել քաղաքացուն,
որ ճանապարհահատվածի սպասարկման աշխատանքների որակը մշտական հսկողության
տակ է:

Եվս 3 ահազանգ ստացվել է Ղազարավան գյուղը սպասարկող թիվ 513 երթուղու
ավտոբուսների չաշխատելու և Արտաշատ – Երևան երթուղով ուղևորափոխադրումների
ուշացումների վերաբերյալ: Նախարարության տրանսպորտի վարչությունը
քաղաքացիներին գրավոր տեղեկացրել է, որ արդեն ընթացքի մեջ են Միասնական
երթուղային ցանց ստեղծելու աշխատանքները, ինչը հնարավորություն կտա
կարգավորել նմանատիպ բոլոր խնդիրները:

Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ
ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 1 հեռախոսազանգ:
Ընկերության մասնագետները քաղաքացուն պատշաճ խորհրդատվություն են
տրամադրել:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու
հեռախոսահամարով 193 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ
անգամ ևս տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ
նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն