Բացել լրահոսը Փակել լրահոսը
4444
A A
Հասարակություն

Գիտաշխատողները դժգոհ են կառավարության որոշումից

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում այն բանի համար, որ Կառավարության որոշմամբ ինստիտուտի 5 մասնաշենքից մեկը տրամադրվելու է շվեյցարական «ԱԶԱԴ» դեղագործական ֆիրմային:

Գիտաշխատողները անհանգստացած են. մասնաշենքում գործում են նեղ մասնագիտական լաբորատորիաներ, իսկ շենքից դուրս գալը լրացուցիչ դժվարություններ և անհարմարություններ կստեղծի իրենց աշխատանքում: Բացի այդ, իրենք մինչ օրս տեղեկություն չունեն, թե որտեղ պետք է տեղափոխվեն լաբորատորիաները:

Գիտաշխատողները նշում են, որ ինստիտուտն այս տարիների ընթացում  դանդաղ առաջընթաց է ունեցել, սակայն կարողացել է, որոշ ենթակառուցվածքներ պահպանել: Նրանց խոսքով, մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը ինստիտուտի համար շատ կարևոր է, սակայն կարևոր է նաև պետության աջակցությունը:

 «Խնդիրն այն է, որ գիտության հանդեպ պետական մոտեցում գոյություն չունի: 30 տարի շատ վատ սնված գիտությունից պահանջել արդյունք՝ պարզապես լուրջ չի». նշում է գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը

Աշխատակիցները անհանգստացած են՝ նախկինում ևս ինստիտուտից տարածք է վերցվել և տրամադրվել «Արմենիկում»ին, որը հետագայում տրամադրվեց Քննչական կոմիտեին:

Գիտաշխատողները ուղիղ միացմամբ դիմեցին «Գիտական համայնք Հայաստան» ֆեյսբուքյան էջին, կոչ անելով  գիտնականներին միանալ իրենց: