Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկալանավորվի՞ Սպայկայի տնօրենը (տեսանյութ)

Հասարակություն
2-6

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում ժամը 10-ին կհրապարակվի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդության գործով դատական որոշումը։ «Սպայկա» ընկերության աշխատակիցներն ի աջակցություն Դավիթ Ղազարյանի դատարանի առջև են հավաքված։ «Դավի՛թ Ղազարյան», «Ամոթ ՊԵԿ-ին», «Արդարությո՜ւն, արդարությո՛ւն» վանկարկումներով աջակցում են տնօրենին։ Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու համար։ Միջնորդության քննության գործով դատական նիստը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին, որից հետո Դավիթ Ղազարյանը հայտարարել էր. «Ինձ թվում է՝ դատարանը կլինի անաչառ և կկայացնի ճիշտ որոշում, քանի որ էն փաստերը, որ մենք ներկայացրեցինք, շատ ուժեղ էին»։ Նշենք նաև, որ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվառման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր: Ի պատասխան Սպայկան հայտարարություն էր տարածել, որ հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար: