A
A
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Գարեգին Խումարյանը
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Գարեգին Խումարյանը։ Այս մասին այսօր որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։
Խորհրդի կողմից ձևավորված ժամանակավոր հանձնաժողովն ամփոփել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը։ Խումարյանը հաղթող է ճանաչվել փակ քվեարկության արդյունքում, ստանալով 2 ձայն։ Հռիփսիմե Առաքելյանը, Տիգրան Հարութունյանը և Գրիգոր Նազարյանը ստացել են մեկական ձայն։ Գարեգին Խումարյանը «Լրատվական ռադիոյի» ծրագրերի տնօրենն է։ Գարեգին Խումարյանը media.am-ի հետ զրույցում խոսել է Հանրային ռադիոընկերության զարգացման իր ծրագրերի մասին։ «Երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրային ռադիոն պետք է դառնա նույնքան ճանաչելի, որքան աշխարհի առաջատարները։ Մենք տեղական գործընկերների հետ մրցակցության խնդիր չենք դնում։ Մեր մրցակցության դաշտը աշխարհն է, և պատրաստվում ենք երեք տարվա ընթացքում գրավել մեր ուրույն և արժանի տեղը համաշխարհային հեռարձակողների լիգայում։ Դա ենթադրում է ուժերի մաքսիմալ լարում, քանի որ մեր մրցակիցներն այսօր շատ ուժեղ են»,- ասում է Հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրենը։ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գարեգին Խումարյանի անունը չի եղել մրցույթի վերջնական փուլ անցած հինգ թեկնածուների ցանկում, և որ Հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ ղեկավար Արա Շիրինյանը «Լրատվական ռադիոյի» ծագրերի տնօրենին վերջին պահին է վերցրել ցանկ։ media.am