Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որդին ընդդեմ հոր

Սպորտ

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խնդիրներ ունի ոչ միայն Ռաուլի երկրպագուների, այլեւ ... հենց իր որդու հետ: Իսպանացի գրող Գաբրիել Մասֆուրոլի «Նամակներ Ալեքսին» գրքի շնորհանդեսի ժամանակ նա խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» ավագ Ռաուլին հավաքականի կազմում ցանկանում են տեսնել նաեւ  իր որդին: «Իմ որդին նույնպես ֆուտբոլի մեծ երկրպագու է, եւ նա ինձ մշտապես ասում է, որ Ռաուլն արժանի է հավաքականում խաղալու»:

Ի դեպ, շնորհանդեսին ներկա է եղել նաեւ Ռաուլը: Նա ջերմորեն բարեւել է Վիսենտե դել Բոսկեին, թեեւ վերջինս այն բանից հետո, երբ նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ, ոչ մի անգամ թիմ չի հրավիրել նրան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը աշխարհի 2010 թ առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երեւանում ընդունելու է հենց Իսպանիայի ազգային թիմին:

Ի դեպ, «Շեվրոլե» ընկերության իսպանական մասնաճյուղը վիճակահանություն է անցկացնելու 50 հազար երկրպագուների միջեւ, որի օգնությամբ կորոշվի այն երջանիկը, որը կշահի Հայաստան - Իսպանիա խաղի ուղեգիր, բացի այդ կստանա «Շեվրոլե Ավեո» ավտոմեքենա: Ուղեգրի խաղարկությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին: Նշենք, որ ընկերությունը նոր է սկսել այդ ակցիան: Առաջին երջանիկ ֆուտբոլասերը ներկա է եղել այս տարի կայացած Մակեդոնիա - Իսպանիա ընկերական հանդիպմանը: