Երկու փուլով, մի քանի օրում
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 24-ին Վանաձորում կսկսի հանդբոլի Հայաստանի առաջնության փնջային մրցաշարը: Հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Աննա Մելքոնյանը «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց, որ մրցաշարին կմասնակցեն 8 թիմեր' 5 տղամարդկանց, 3' կանանց:
Հարկ է նշել, որ մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ Արցախի տղամարդկանց եւ կանանց թիմերը: Առաջնությունը անցկացվելու է մեկ շրջանով: Առաջին երկու տեղերը գրաված թիմերը կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր: Այն տեղի կունենա հոկտեմբերի 14-17-ը, Երեւանում:
Կանանց առաջնության եզրափակիչ մրցաշարին արդեն մասնակցելու իրավունք են ստացել 2008 թվականի առաջնության մեդալակիրները' ՖԻՄԱ-ն, «Շենգավիթն» ու «Գյումրին»: Տղամարդկանց մրցաշարի ուղեգրեր են նվաճել ՖԻՄԱ-ի, ԵՊՀ-ի եւ «Վանաձորի» թիմերը:
Հարկ է նշել, որ խաղային ձեւերի առաջնությունները, սովորաբար, անցկացվում են մի քանի ամսվա ընթացքում, 2-3-4 շրջանով, որպեսզի մարզիկ-մարզուհիները երկար ժամանակ պահպանեն իրենց մարզավիճակը, ձեռք բերեն խաղային փորձ: Իսկ ահա մեր առաջնությունը տեւում է ընդամենը մի քանի օր: Աննա Մելքոնյանն այս կապակցությամբ ասաց, որ ֆեդերացիայի ղեկավարությունը մտածում է այդ ուղղությամբ եւ նույնպես ցանկանում է առաջնությունն անցկացնել ամբողջ տարվա ընթացքում, 2 կամ 4 շրջանով, ինչպես, օրինակ, անցկացվում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: