«Մեծն մարդակերը» և հրաշամանուկը
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի թվով 13-րդ չեմպիոնը` Գարի Կասպարովը, աշխարհի թվով 12-րդ չեմպիոնի` Անատոլի Կարպովի հետ նախատեսված մրցամարտից առաջ մեկ շաբաթ անցկացրել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` 18-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հարկի տակ: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, Կասպարովը մրցամարտին նախապատրաստվելու համար որպես մրցակից-ընկեր ընտրել է հենց շախմատային Մոցարտին: Ի դեպ, սա նրանց երկրորդ համատեղ հավաքն էր վերջին երկու ամսվա ընթացքում: Մինչ այդ Գարի Կասպարովը նորվեգացի հրաշամանուկին հրավիրել էր Խորվաթիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ հագեցած մարզումներ էին անցկացրել:
Այդ հանդիպումների ընթացքում կողմերը համաձայնության են եկել, ըստ որի` «մեծն մարդակերը» առաջիկա մեկ տարում կլինի շախմատային Մոցարտի մարզիչներից մեկը: «Կառլսենն այն շախմատիստներից է, ով ունի բոլոր հատկությունները աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Չնայած փոքր տարիքին, նա արդեն պատրաստ է դառնալ առաջինը աշխարհում», - ասել է 46-ամյա շախմատիստը:
Հիշեցնենք, որ այսօր իսպանական Վալենսիա քաղաքում կսկսի Գարի Կասպարով - Անատոլի Կարպով հերթական մրցախաղը:
Կողմերը առաջիկա երկու օրը կանցկացնեն 4 արագ շախմատի պարտիաներ (25-ական րոպե, այնուհետեւ 5-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար), իսկ մրցումների վերջին օրը նրանք կանցկացնեն 8 կայծակնային պարտիաներ (5-ական րոպե, այնուհետեւ 2-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար):