Ձախողում
Աջակցիր «Ա1+»-ինԴանիաական Հերնինգ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումների առաջին օրը Հայաստանի ազատ ոճային ըմբիշներ` 55կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ) անհաջող հանդես եկան եւ չկարողացան մեդալ նվաճել: Միհրանը, հաղթելով առաջին երկու գոտեմարտերում, համապատասխանաբար գերմանացի Տիմ Շլեսերին ու իսպանացի Ֆրանցիսկո Սանչեսին, մտավ քառորդ եզրափակիչ, սակայն այս փուլում զիջեց ռուսաստանցի Վիկտոր Լեբեդևին: Վերջինս իր հերթին պարտվեց կիսաեզրափակիչում, ուստի Ջաբուրյանը զրկվեց նաև բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ժիրայր Հովհաննիսյանը արդեն 1/8 եզրափակիչում պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Տացուհիրո Յոնբմիցուին և դուրս մնաց հետագա պայքարից:
96 կգ քաշային Էդգար Ենոքյանը առաջին մրցամարտում հաղթանակ տարավ եւ մտավ 1/8 եզրափակիչ, բայց իր երկրորդ մարտում պարտվեց Բելառուսի թիմից հանդես եկող Ռուսլան Շեյխային եւ նույնպես ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից:
Այսօր մրցումներ կանցկացվեն 60, 84 եւ 120 կգ քաշային կարգերում: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն համապատասխանաբար Արթուր Առաքելյանը, Հարություն Ենոքյանը եւ Ռուսլան Բասիեւը:
Արթուր Առաքելյանը 1/16 եզրափակիչում կմրցի լեհ Ադամ Բլոկի հետ: Այս զույգի հաղթողը կհանդիպի Վիտալի Կարյակին (Տաջիկստան) - Զալիմխան Հուսեյնով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: Հարություն Ենոքյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից` չինացի Հոն Ջուն Դինգի հետ մենամարտով: Ամենածանր քաշային կարգում Ռուսլան Բասիեւը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Կանադայի ներկայացուցիչ Արիան Բհուլարի հետ: