Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ Հայաստանում

Սպորտ

Վաղը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Երեւանում կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական խաղ: Հայաստանի կանանց հավաքականը «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Ֆինլանդիայի ազգային թիմին:

Ավանդույթի համաձայն խաղի նախօրեին թիմերը մարզումներ անցկացրին գլխավոր մրցասպարեզում: Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտը մեծ տպավորություն թողեց Ֆինլանդիայի պատվիրակների վրա, քանի որ իրենց մոտ չկա նմանատիպ խոշոր մարզադաշտ:

Նախ մեկժամյա մարզում անցկացրին ֆինն, ապա մեր ֆուտբոլիստուհիները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց, որ թիմ հրավիրված բոլոր ֆուտբոլիստուհիներն էլ գտնվում են իր տրամադրության տակ եւ մասնակցել են բոլոր մարզումներին: «Մենք ընդամենը մեկ կորուստ ունենք: Թորգոմյան Մարիամն առողջության հետ կապված խնդիրներ ունի, եւ այժմ նա բուժման կուրսեր է անցնում ԱՄՆ-ում: Իսկ ահա Բեյրութում հանդես եկող մեր երկու լեգեոնականները վաղուց միացել են թիմին, քանի որ Լիբանանի կանանց առաջնությունը ընդամենը 3 ամիս է տեւում»:

Սամվել Ադամյանը նաեւ նշեց, որ հավաքականի խաղացողները խաղային փորձի պակաս չունեն, քանի որ թիմն այս կազմով մասնակցում է Հայաստանի պատանեկան (1994 թ ծնվածներ) առաջնությանը: Ի դեպ, ֆուտբոլիստուհիները 10 տուրից հետո վաստակել են 4 միավոր եւ ընթանում են նախավերջին' 9-րդ տեղում:

Խոսելով Հայաստանում կանանց ֆուտբոլի հեռանկարների մասին, Սամվել Ադամյանն ասաց. «Անցած տարի վիճակը շատ վատ էր, որովհետեւ ընդամենը կանանց երկու թիմ ունեինք' «Քոլեջն» ու «Բանանցը»: Այս տարի ՀՖՖ-ի նախաձեռնությամբ թիմեր են ստեղծվել մարզերում' Վանաձորում, Արթիկում, Փանիկում: Այս գործընթացն հուսադրող է: Մեր կանանց ֆուտբոլում, ինքնին, շատ են խնդիրները, ֆինանսական, կադրային, մարզչական եւ այլն: Սակայն պետք է ուրախությամբ նշեմ, որ «Բանանց» ակումբն վերջին մի քանի ամիսներին աշխատավարձ է վճարում հավաքականի կազմում ընդգրկված իր ֆուտբոլիստուհիներին: Եթե մյուս ակումբներն էլ հետեւեն «Բանանցի» օրինակին, ապա մեզ կհաջողվի պահպանել ներկայիս կազմը, բացի այդ կավելանան ֆուտբոլով զբաղվող աղջիկների քանակը»:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ֆինլանդիա կանանց հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, «Հրազդան» մարզադաշտում, ժամը 17:00-ին: