Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրիկիեւը պատրաստ է մենամարտի

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանը երեկ թիմի մարզման ժամանակ իր սաներին հայտարարեց, որ այդ օրվանից նրանց համար սկսվում է աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-27-ը դանիական Հերնինգ քաղաքում:

Պարապմունքից հետո առաջնությանը նախապատրաստվող ըմբիշներին ու հավաքականի մնացած անձնակազմին հանձնվեցին մարզազգեստեր, որոնք նրանք կկրեն Դանիայում գտնվելու օրերին:

Հունահռոմեական ոճի մեր ըմբիշները, թվով 26 հոգի, սեպտեմբերի 9-ից սկսած ուսումնամարզական հավաք են անցկացնում Երեւանում: Նրանցից 6-ը' մինչեւ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, Արտակ Հարությունյանը (60 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալաքյանը (74 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Արման Գեղամյանը (96 կգ) պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Այդ մրցումներում մեր հավաքականի 7-րդ մասնակիցը' 120 կգ քաշային Յուրի Պատրիկիեւը, ներկայումս մարզումներն անցկացնում է Կրասնոդարում: Նա իր թիմակիցներին կմիանա սեպտեմբերի 23-ին, Մոսկվայում, որտեղից էլ Հայաստանի հավաքականը կմեկնի մրցավայր:

Լեւոն Ջուլֆալաքյանը, գնահատելով թիմի ներկայիս մարզավիճակը, «Ա1+»-ի թղթակցին ասաց, որ բոլորն էլ պատրաստ են առաջիկա առաջնությանը: «Տղաներն այս տարի անցկացրել են մի քանի ուսումնամարզական հավաքներ, մասնակցել բազմաթիվ միջազգային մրցումների, որտեղից վերադարձել են մեդալներով: Նրանք այժմ նորմալ մարզավիճակում են գտնվում: Մնում է, որ ամեն մեկն անհատապես ճիշտ նախապատրաստի  առաջնությանը, եւ եթե ինչի ընդունակ են, կարողանան ցույց տալ գորգի վրա, ապա ամեն ինչ լավ կլինի»:

Լեւոն Ջուլֆալաքյանը նշեց, որ միայն Յուրի Պատրիկիեւը թեթեւակի խնդիրներ ուներ' կապված արմունկի վնասվածքի հետ, սակայն  հեռախոսով  տեղեկացրել է, որ արդեն ապաքինվել է եւ պատրաստ է մենամարտի: