Մեկնեց միայն Արտավազդ Քարամյանը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռումինական «Տիմիշոարայի» կիսապաշտպան Արման Քարամյանը չի մասնակցի Եվրոլիգայի խմբային փուլի առաջին հանդիպմանը: Նա չի ընդգրկվել այն 19 ֆուտբոլիստների ցուցակում, որոնք մեկնել են Ամստերդամ եւ անմիջականորեն նախապատրաստվել են տեղի «Այաքսի» հետ խաղին: Պատճառն այն է, որ մեր ֆուտբոլիստը երկու դեղին քարտ ստանալու համար մեկ խաղով որակազրկվել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից, չնայած Արման Քարամյանը դրանք ստացել էր չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին:
Իսկ ահա նրա եղբայրը` Արտավազդը, թիմի կազմում ներկայումս գտնվում է Հոլանդիայի մայրաքաղաքում, եւ ըստ ռումինական լրատվամիջոցների «Տիմիշոարայի» գլխավոր մարզիչ Օվիդիու Սաբեուն նրան ընդգրկել է մեկնարկային կազմում: Ըստ մասնագետների այդ խաղի ֆավորիտ է համարվում հոլանդական ակումբը, թեեւ այն համալրված է ավելի երիտասարդ եւ անփորձ խաղացողներով, քան ռումինական ակումբը:
Եվրոլիգայի առաջին տուրին մասնակցելու հնարավորություն ունի նաեւ մեր հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, որն իր թիմի` ԲԱՏԵ-ի կազմում, ներկայում գտնվում է Լիսաբոնում: Այսօր հանրահայտ «Բենֆիկան» իր հարկի տակ քննության կենթարկի Բելառուսի չեմպիոնին: