Մեկ մարզիչ երեք հավաքականների համար
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի կանանց ազգային եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները առաջիկա մի քանի օրվա ընթացքում կանցկացնեն միջազգային պաշտոնական 4 խաղեր:
Մեր ընտրանին աշխարհի 2011 թ առաջնության ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 19-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, կհյուրընկալի Ֆինլանդիայի կանանց հավաքականին: Նույն օրը մեր մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստուհիները կսկսեն ելույթները Եվրոպայի այդ տարիքային առաջնության որակավորման 1-ին փուլի խմբային մրցաշարում:
Սակայն ուշագրավն այն է, որ մեր կանանց երեք (ազգային, 19 եւ 17 տարեկաններ) հավաքակաները գխավորում է մեկ մարզիչ` հանձինս Սամվել Ադամյանի:
Ինչպես տեղեկացանք ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից, Սամվել Ադամյանը սեպտեմբերի 19-ին կղեկավարի մեր ազգային հավաքականը, որից հետո կմեկնի Հունգարիա, որտեղ կմիանա իր երկրորդ թիմին:
Նշենք, որ Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլում մեր պարմանուհիների մրցակիցներն են Բելգիայի, Լիտվայի եւ Հունգարիայի թիմերը:
Ինչ վերաբերում է Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստուհիների ընտրանուն, ապա այն Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլի խմբային մրցաշարի առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին: Ի դեպ, այդ օրը մեր ազգային թիմը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական երկրորդ խաղը` հյուրընկալելով Իտալիայի հավաքականին, իսկ չորս օր անց, կրկին սեփական հարկի տակ, կընդունի Սլովենիայի կանանց ընտրանուն: