Թենիսիստուհիները կշարունակեն պայքարը
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանական Շտուտգարտ քաղաքում ընթացող սեղանի թենիսի 2009 թ Եվրոպայի առաջնությունում երեկ սկսվեցին զուգախաղերն ու մենախաղերը:
Կանանց անհատական մրցաշարում Հասմիկ Խաչատրյանը 4:2 հաշվով հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Բեսիրե Դոմանիկուին եւ մտավ 1/64 եզրափակիչ, որտեղ նա կհանդիպի խորվաթուհի Անդրեա Բակուլայի հետ:
Մեր երկրորդ մասնակիցը` Լուիզա Նազարյանը, պարտվեց դանիացի թենիսիստուհի Սաբինե Լարսենին` 0:4, եւ դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա Տաթեւիկ Ենգիբարյանը պայքարը կսկսի երկրորդ փուլից, որտեղ նրա մրցակիցն է Թուրքիայի ներկայացուցիչ Սիրին Հեն:
Այսօր Հասմիկ Խաչատրյանն ու Լուիզա Նազարյանը զուգախաղերի 1/64 եզրափակիչում կմրցեն Ժանբին Լի - Մարտինա Պետցեր ավստրիական զույգի հետ:
Տղամարդկանց անհատական մրցաշարում մեր երեք թենիսիստներն էլ անհաջողության մատնվեցին առաջին հանդիպումներում եւ դուրս մնացին հետագա պայքարից: Մուրադ Ասատրյանը պարտվեց Թուրքիան ներկայացնող Պենգ Ֆեյ Ժիանին, իսկ Գարեգին Մկրտչյանը` գերմանացի Ֆիլիպ Ֆլորիցին, Մեսրոպ Ղուկասյանը` անգլիացի Դանիել Ռիդին (բոլորն էլ միեւնույն 0:4 հաշվով): Մեր տղամարդկանց զույգը` Մուրադ Ասատրյան - Մեսրոպ Ղուկասյան կազմով, զուգախաղերի առաջին մրցավեճում հաղթելով Գուդմունդուր Ստեֆենսեն - Մագնուս Մագնուսոն Իսլանդիայի զույգին` 3:2, մտավ 1/32 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Եվրոպայի նորընծա չեմպիոններ (հավաքականի կազմում) Տիմո Բոլ - Քրիստիան Սաս գերմանական զույգի հետ:
Հավելենք, որ Հայաստանի կանանց ընտրանին իր վերջին մրցախաղում 3:0 հաշվով պարտության մատնեց Կոսովոյի թիմին եւ ի վերջո գրավեց 34-րդ տեղը: