Հայաստանը կունենա նոր մրցակիցներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշեց ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի վիճակահանության անցկացման օրն ու վայրը: Այն տեղի կունենա 2010 թ փետրվարի 7-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այդ օրը հայտնի կդառնան Հայաստանի ընտրանու նոր մրցակիցները:
Առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 53 ազգային ֆեդերացիաները, սակայն ընտրական մրցաշարին կմասնակցեն 51 հավաքականներ, քանի որ ԵՎՐՈ-2012-ի կազմակերպիչ երկու երկրների' Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականները ազատված են ընտրական խաղերից եւ անմիջականորեն կմասնակցեն եզրափակիչ փուլի մրցաշարին:
Վիճակահանությամբ կձեւավորվեն 9 ընտրական խմբեր, որոնցից 6-ը կազմված կլինեն 6, իսկ երեքը' 5 թիմերից: Խմբերի հաղթողները, ինչպես նաեւ 2-րդ տեղերը գրաված հավաքականերից լավագույն արդյունք ունեցող թիմը անմիջապես կնվաճի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Մնացած 4 ուղեգրերը կվիճարկեն 2-րդը ճանաչված մյուս 8 հավաքականները, որոնք կբաժանվեն 4 զույգերի եւ անցումային խաղերում կպայքարեն Լեհաստան կամ Ուկրաինա մեկնելու համար:
ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարը կմեկնարկի 2010 թվականի սեպտեմբերին, իսկ կավարտվի' 2011-ի նոյեմբերին: