Իրենց հնարավորություններից ցածր
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը համարում է, որ Միլանում կայացած աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկները իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան, քանի որ կային եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ:
Ըստ նրա' այս առաջնությունը շատ բարդ էր բռնցքամարտիկների համար: Մասնակիցների քանակը շատ-շատ էր, ուստի այն բավական երկար տեւեց: Նրա գնահատմամբ' այդ բացասաբար էր անդրադառնում մարզիկների վրա, նրանք հոգնում էին թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես:
«Մեր տղաներից մի քանիսը, կարելի է ասել, չդիմացան այդ առիթմիկ մրցակարգին: Մի դեպքում նրանք մրցամարտերին երկար սպասելու պատճառով կորցնում էին իրենց մարտունակությունը, իսկ քառորդ եզրափակիչ մտածները չէին հասցնում վերականգնել ուժերը: Սակայն դրանով չեմ ցանկանում արդարացնել մեր տղաների անհաջող ելույթները, պարզապես հարկավոր է ճիշտ եզրակացություններ անել յուրաքանչյուր պարտությունից եւ թույլ տված սխալից, որպեսզի 2012 թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին այլեւս չկրկնենք դրանք»,-ասաց նա:
Փորձառու մասնագետը, այնուամենայնիվ, գտնում է, որ Հայաստանի հավաքականը ունի ներուժ' լավ հանդես գալու համար, սակայն դա հնարավոր է այն դեպքում, երբ բռնցքամարտիկներն ավելի շատ աշխատեն իրենց վրա. «Իմ կարծիքով, մեր բռնցքամարտիկները պետք է լավ աշխատեն նաեւ իրենց ակումբներում ու թիմերում: Միայն ուսումնամարզական հավաքների միջոցով հնարավոր չէ նրանց հասցնել լավ մարզավիճակի»:
Ի դեպ, Ռաֆայել Մեհրաբյանը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել հավաքականի կազմում: «Միլանում մեր բռնցքամարտիկներից մի քանիսը, իրոք, չարդարացրին մեր' մարզիչներիս սպասելիքները: Մասնավորապես' ավելին էինք սպասում 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանից ու 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանից: Այս քաշային կարգերում հնարավոր է հրավիրենք նոր բռնցքամարտիկների, սակայն մոռացության չտալով նաեւ վերը նշված մարզիկներին, որոնք դեռ երիտասարդ են եւ կատարելագործվելու հնարավորություն ունեն»:
Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ռաֆայել Մեհրաբյանն ասաց, որ թիմի հիմնական անդամները ներկայում հանգստանում են, իսկ մյուս թեկնածուները նախապատրաստվում են բռնցքամարտի հայկական դպրոցի մեծ երախտավոր Էդվարդ Արիստակեսյանի անվան միջազգային 4-րդ հուշամրցաշարին, որն ավանդույթի համաձայն տեղի կունենա հոկտեմբերին, Երեւանում: Հավաքականը կրկին կհավաքվի դեկտեմբերին, Ծաղկաձորում, որտեղ կանցկացնի կարճատեւ ուսումնամարզական հավաք: