Մերոնք հաղթեցին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի թիմային 2-րդ առաջնության 6-րդ տուրում պարզապես ջախջախեց մրցաշարի միանձնյա առաջատար Լեհաստանի ընտրանուն' 3,5:0,5:
Չնայած վստահ հաղթանակին' մեր շախմատիստուհիները կրկին մնացին 7-րդ հորիզոնականում, քանի որ հաջող խաղացին նաեւ մեր թիմի մոտակա մրցակիցները: Ռուսաստանի հավաքականը առավելության հասավ Վրաստանի թիմի նկատմամբ' 2,5:1,5, ուկրաուհիներն ոչ-ոքի խաղացին Չինաստանի 2-րդ թիմի հետ' 2:2, ամերիկուհիները ջախջախեցին Չինաստանի 1-ին հավաքականին' 3:1, իսկ Հնդկաստանի թիմը պարտության մատնեց Վիետնամի ընտրանուն' 3:1:
Այժմ մրցաշարային աղյուսակում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բացի ընդգծված ետնապահ Վիետնամից, մնացած թիմերը հավակնում են մրցանակային տեղերի: Հարկ է նշել, որ մեր շախմատիստուհիները համեմատաբար թույլ մրցակիցների հետ են հանդիպելու առաջնության վերջնամասում: Սեպտեմբերի 9-ին նրանք քննության կենթարկեն Վիետնամի ընտրանուն, հաջորդ օրը ուժերը կչափեն Չինաստանի 2-րդ թիմի հետ, իսկ վերջին տուրում կհանդիպեն ուկրաինուհիների հետ:
Լեւոն Արոնյանը առայժմ 2-րդն է
Իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում են 4 շախմատիստներ' մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը եւ ուկրաինացի Սերգեյ Կարյակինը: Մրցաշարը կանցկացվի երկեւ շրջանով, ընդ որում միավորների հաշվարկը կատարվում է այնպես, ինչպես' ֆուտբոլում. Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում' 1:
Մրցաշարում արդեն կայացել է երկու տուր: Արոնյանը 1-ին տուրում զիջեց Գրիշչուկին, իսկ 2-րդում հաղթեց Կարյակինին: Նա 3 միավորով ներկայումս ընթանում է 2-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի շախմատիստը, որը ունի 100 տոկոսանոց արդյունք, իսկ Կարյակինն ու Շիրովը վաստակել են 1-ական միավոր: Այսօր Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի Շիրովի հետ:
Իտալական Ֆերմո քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Պատանի շախմատիստների մրցաշարերում բոլորից հաջող հանդես է գալիս Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տարեկաններ), որը 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ իսրայելցի Նաբաթի Թամիրի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Առաջատար դիրքերում են գտնվում նաեւ Վահե Բաղդասարյանը (մինչեւ 16 տարեկաններ)' 2-րդ տեղ, Տիգրան Հարությունյանը (12 տարեկաններ)' 4, Միքայել Մկրտչյանն ու Արման Պետրոսյանը' համապատասխանաբար 2-րդ եւ 4-րդ տեղեր:
Մեր շախմատիստուհիներից լավագույնը ցուցանիշ ունի Աստղիկ Մեսելջյանը (մինչեւ 16 տարեկաններ), որը 3,5 միավորով զբաղեցնում է ընդամենը 35-րդ տեղը: