Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային նորություններ

Սպորտ

Չինաստանում շարունակվող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 5-րդ փուլում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Վրաստանի ուժեղ ընտրանուն եւ որոշ չափով բարելավեց մրցաշարում իր տեղը:

Այժմ մեր շախմատիստուհիները 4 միավորով զբաղեցնում են 7-րդ տեղը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նրանք վերջին 4 փուլերում պետք է ձգտեն միմիայն հաղթանակի: Այսօր մեր ընտրանին կմրցի առաջնության միանձնյա առաջատար Լեհաստանի հավաքականի հետ, որը 5 հանդիպումներից 4-ում հաղթել է, իսկ մեկն ավարտել ոչ-ոքի, եւ վաստակել է 9 միավոր: Վերջինից 2 միավորով ետ են մնում Չինաստանի 1-ին եւ Վրաստանի թիմերը, որոնց հետ արդեն հանդիպել է մեր ընտրանին:

Իտալական Ֆերմոյում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող են հանդես գալիս մեր պատանի շախմատիստները: Հատկապես վստահ է սկսել մեր թիմի ամենակրտսեր մասնակիցը' Միքայել Մկրտչյանը, որը 6 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ գլխավորում է մինչեւ 10 տարեկանների մրցաշարային աղյուսակը:

Առաջատարների խմբում են գտնվում մեր եւս 6 պատանիները, որոնք իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր: Աղջիկների մրցաշարերում համեմատաբար հաջող է հանդես գալիս Աստղիկ Մեսելջյանը (մինչեւ 16 տարեկաններ), որը 6 հնարավորից վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 25-րդ տեղը: