Մնացին երեքը
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանյան ռինգն առայժմ հաջողակ չէ հայ բռնցքամարտիկների համար:
Միլանում շարունակվող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչներից միայն երեքը կարողացան հաղթահարել առաջին երկու արգելքները եւ մտնել 1/8 եզրափակիչ:
Նրանք են 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը եւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Հովհաննեսն այսօր կմրցի հարավաֆրիկացի Լեբոգանգ Պիլանեի հետ: Վաղը Ազատ Հովհաննիսյանը ուժերը կչափի իտալացի բռնցքամարտիկ Ալեսիո դի Սավինոյի, իսկ Ա. Հակոբյանը' իռլանդացի Դարեն Օ' Նիլի հետ:
Մեր հավաքականը հատկապես մեծ կորուստներ կրեց անցած շաբաթ օրը: Եվրոպայի 2009 թ. չեմպիոն, 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը անսպասելի 1:3 հաշվով զիջեց 20-ամյա թուրք Օնուր Սիպալին, իսկ 2008 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը տանուլ տվեց բրազիլացի Էվերտոն Լոպեշին' 3:10: Նույն օրը անհաջողության մատնվեց նաեւ 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը, որը չկարողացավ դիմակայել Ռուսաստանի հավաքականի անդամ Միշա Ալոյանին' 5:11:
Երեկ մեր բռնցքամարտիկներից միլանյան ռինգը գլխիկոր թողեց 54 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը, ով անչափ լարված մրցապայքարում պարտվեց սիրիացի Վեսամ Սալամանային: Ի ուրախություն բռնցքամարտի հայ սիրահարների' այդ օրվա մեր մյուս երկու ներկայացուցիչները հաղթանակով ավարտեցին իրենց մենամարտերը: Ազատ Հովհաննիսյանը 12:3 հաշվով հաղթեց լիտվացի Գիտիս Վայտկուսին, իսկ Անդրանիկ Հակոբյանը առավելության հասավ շվեդացի Նաիմ Տերբունյայի նկատմամբ' 15:11: