Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հերիք է մեզ խայտառակեք»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում 7-րդ հանդիպումն անցկացրեց աշխարհի 2010 թ առաջնության ընտրական մրցաշարում, եւ կրեց 6-րդ պարտությունը` 0:2 հաշվով զիջելով Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային թիմին: Այս անհաջողությունից հետո մեր հավաքականը վերջնականապես կորցրեց բոլոր հնարավորությունները աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու:

Հայաստանի հավաքականը նույնպես շատ արագ գոլ բաց թողեց: Հանդիպման 6-րդ րոպեին բոսնիացիների կազմակերպած առաջին իսկ լուրջ գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Սակայն, եթե նախօրեին երիտասադականի խաղացողներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, ապա ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ոչինչ չկարողացան հակադրել տակտիկապես գրագետ գործող հյուրերին: Արդյունքում, բոսնիացիները
երկրորդ խաղակեսում եւս մեկ անգամ պատժեցին մեր պաշտպաններին` դիրքային սխալ թույլ տալու համար, եւ ամրապնդեցին իրենց առավելությունը: Նշենք նաեւ, որ հյուրերը դեռեւս առաջին կեսում կարող էին կրկնապատկել հաշիվը, սակայն 33-րդ րոպեին բոսնիացիների հարձակվող Էդին Ջեկոն չիրացրեց 11մ հարվածը այն բարձր ստացվեց:

Ի դեպ, այս խաղում հայ երկրպագուների համբերության բաժակը վերջնականապես լցվեց: Նրանք խաղավերջում սկսեցին սպիտակ թաշկինակներ թափահարել, ի նշան մեր թիմի հերթական պարտության, բացի այդ պահանջեցին գլխավոր մարզչի հրաժարականը, իսկ առավել պատրաստվածները սեւ գույնի պաստառ պարզեցին, որի վրա գրված էր. «Հերիք է մեզ խայտառակեք»:


Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանելով ֆուտբոլասերների նման պահվածքը, ասաց, որ եթե իր հրաժարականն որեւէ բանով կօգնի թիմին, ապա պատրաստ է դիմել նման քայլի: Համենայնդեպս, սա առաջին դեպքն է, որ հայ ֆուտբոլասերները բարձրաձայն պահանջ են ներկայացնում մեր թիմի մարզիչներին, ինչն ավելի շատ բնորոշ է արտասահմանյան երկրների ֆուտբոլային ֆանատներին: