Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկավոր է պատրաստել ուժեղ պաշտպաններ

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց:

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թ առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում 1:3 հաշվով պարտվեց Շվեյցարիայի այդ տարիքային ընտրանուն:

Խաղը, որը տեղի ունեցավ Երեւանի «Միկա» մարզադաշտում, շատ անհաջող սկսվեց մեր ֆուտբոլիստների համար: Շվեյցարացիներն արդեն 3-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Մեր թիմին հաջողվեց շատ արագ վերականգնել հավասարակշությունը. աչքի ընկավ թիմի նորեկ Հիրաչ Յագանը, որը 11-րդ րոպեին հեռահար հարվածով անակնկալի բերեց հյուրերի դարպասապահին:

Սակայն առաջին խաղակեսի վերջում Շվեյցարիայի երիտասարդականը եւս երկու գոլ խփեց եւ շոշափելի առավելություն ստացավ ընդմիջում գնալուց առաջ: Երկրորդ խաղակեսում հյուրերն ավելի շատ հնարավորություններ ունեին հաշիվը մեծացնելու, քան մեր ֆուտբոլիստները` այն կրճատելու: Այդպիսով, Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների ընտրանին երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընտրական մրցաշարում եւ շարունակում է միայնակ եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Խաղի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Պիեռլուիջի Թունին ասաց, որ Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակն անչափ կարեւոր նշանակություն ուներ իրենց համար, քանի որ նախորդ հանդիպմանը, սեփական հարկի տակ, Էստոնիայի թիմից կրած պարտությունից հետո այլեւս նահանջելու տեղ չունեին:

Հայաստանի երիտասարդականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը թիմի պարտությունը բացատրեց պաշտպանների թույլ խաղով: «Ինչպես եւ նախորդ երկու խաղերին, այս անգամ էլ թույլ խաղացինք պաշտպանությունում, չնայած մարզումների ժամանակ առաջին հերթին մեծ աշխատանք էինք տարել հենց այս գծի խաղացողների հետ: Հայաստանի թիմերը պետք է աշխատեն պատրաստել ֆիզիկապես ուժեղ պաշտպաններ, որպեսզի նրանք կարողանան դիմակայել Շվեյցարիայի հավաքականի ֆիզիկապես լավ պատրաստված հարձակվողների նման խաղացողներին», - եզրակացրեց դանիացի մասնագետը: