Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 տարի անց միմյանց հետ կմրցեն ԿԿ-ները

Սպորտ

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Գարի Կասպարովն ու Անատոլի Կարպովը, որոնք սեպտեմբերի 21-25-ը Վալենսիայում կանցկացնեն մինի մրցաշար, մինչեւ առաջին պարտիայի սկիզբը չեն հանդիպի միմյանց եւ չեն մասնակցի մրցաշարի կազմակերպիչներին խոստացած համատեղ մամուլի ասուլիսին:

Արդեն պարզվել է, որ նրանք մրցումների օրերը հանգրվանելու են Վալենսիայի հակադիր ծայրամասերում գտնվող հյուրանոցներում: Մրցամարտը անցկացվելու է տեղի հնագույն ամրոցներից մեկում: Այն նվիրված է լինելու աշխարհի թագի համար երկու ԿԿ-ների միջեւ տեղի ունեցած առաջին հակամարտության 25-ամյակին: Նշենք, որ Կարպովն ու Կասպարովը 1984-90 թվականներին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու կամ պահպանելու համար ընդհանուր առմամբ անցկացրել են 144 մրցամարտ, որից  հետո անվանի շախմատիստները պարզապես դարձել են թշնամիներ:

«Մենք երբեք բարեհամբույր չենք եղել միմյանց հանդեպ: Տարբեր են նաեւ մեր խաղաոճերը, ինչպես սառույցն ու կրակը», - ասել է Կարպովը, որը 2007 թ ցանկացել էր այցի գնալ մենախցում գտնվող Կասպարովին, որը ձերբակալվել էր հակակառավարական ցույց կազմակերպելու համար, սակայն վերջինս հրաժարվել էր հանդիպումից:

Նշենք, որ անվանի գրոսմայստերները 4 օրվա մեջ կանցկացնեն 12 պարտիա' 4 արագ եւ 8 կայծակնային:

Նշենք, մրցամարտի կազմակերպիչները բավական երկար բանակցություներից հետո են կարողացել համոզել ԿԿ-ներին, նորից հանդիպելու իրար հետ: Այն անցկացնելու ցանկություն էին հայտնել երեք քաղաքներ'Լոնդոնը, Վիենան եւ Վալենսիան: Կողմերը նախնտրեցին իսպանական տարբերակը, քանի որ այստեղ էր կայացել նրանց թվով 4-րդ հակամարտությունը, որի վերջին պարտիան ուղիղ եթերով հետեւել էին 13 մլն հեռուստադիտողներ: