Շախմատային Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կանանց հավաքականը անսպասելի պարտություն կրեց
Այս օրերին տարբեր աշխարհամասերում տեղի են ունենում մի շարք հետաքրքիր շախմատային մրցաշարեր:
Չինական Նինգբո քաղաքում անցկացվում է կանանց աշխարհի թիմային 2-րդ առաջնությունը, որին մասնակցում են 10 երկրների հավաքականներ: Արդեն կայացել է երկու տուր: Հայաստանի հավաքականն առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել Հնդկաստանի հետ, բայց ահա 2-րդ տուրում 0,5:3,5 հաշվով պարտություն կրեց ԱՄՆ-ից: Մեր ընտրանին վաստակել է ընդամենը 1 միավոր եւ զբաղեցնում է նախավերջին' 9-րդ տեղը: 4-րդ տուրում մեր շախմատիստուհիները կհանդիպեն Ռուսաստանի հավաքականի հետ, որը նույնպես անհաջող է հանդես գալիս առաջնությունում եւ իր ակտիվում ունի 1 միավոր:
Իտալական Ֆերմո քաղաքում անցկացվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունումը: Պատանի շախմատիստների մրցաշարերում բոլորից հաջող հանդես են գալիս Հահե Բաղդասարյանը (մինչեւ 16 տարեկաններ), Տիգրան Հարությունյանն ու Մանուել Պետրոսյանը (12 տարեկաններ) եւ 10-ամյա Միքայել Մկրտչյանը, որոնք 4 հնարավորից վաստակել են 3,5 միավոր եւ ընթանում են առաջատարների խմբում:
Մեր շախմատիստուհիները, ավաղ, առայժմ համեստ ցուցանիշներ ունեն: Չորս տուրից հետո 2-ական միավոր են վաստակել ամենակրտսեր տարիքային խմբի մրցաշարի մասնակից Միլենա Խորոտյանը, Քրիստինա Մաթեւոսյանը (մինչեւ 12 տարեկաններ) եւ Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 14 տարեկաններ):
Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում (12 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ) ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը 6 տուրից հետո ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք եւ իր համերկրացիներ Ալեքսանդր Օնիշչուկի ու Վինայ Բհաթի հետ բաժանում է 6-8-րդ տեղերը: