Հաղթարշավը շարունակվում է
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումների 2-րդ օրը դարձյալ արգասաբեր էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր երեք բռնցքամարտիկներն էլ` Գառնիկ Հարությունյանը (54 կգ քաշային կարգ), Հրաչիկ Ջավախյանը (60 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) միավորներով հաղթեցին իրենց մրցակիցներին եւ մտան 1/16 եզրափակիչ: Այս փուլում Գ. Հարությունյանը կմենամարտի սիրիացի Վեսամ Սալամանայի, Հ. Ջավախյանը` բրազիլացի Էվերտոն Լոպեշի, Ա. Հակոբյանը` Նաիմ Տերբունիայի (Շվեդիա) հետ:
Այսօր պայքարի մեջ կմտնեն մեր մյուս երեք բռնցքամարտիկները: Առաջինը մրցասպարեզ կմտնի 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը, ով ուժերը կչափի ալբանացի Ջեթմիր Կուչիի հետ: Չորս ժամ անց Միլանում իր առաջին մենամարտը կանցկացնի 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, ով կհանդիպի վենեսուելացի Էկտոր Մանզանիյայի հետ: Երեկոյան ժամին նշանակված է ծանր քաշային Ցոլակ Անանիկյան - Սանդրո Դիրֆիլդ (Սլովակիա) մրցամարտը:
Ավելացնենք, որ մեր հավաքականից ամենաուշը պայքարի մեջ կմտնի թեթեւ քաշային Հովհաննես Դանիելյանը, որը վիճակահանության քմահաճույքով միանգամից հայտնվել է 1/16 եզրափակիչում: Նա սեպտեմբերի 5-ին կհանդիպի ֆիլիպինցի Հարի Տանամորի հետ: