Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնապես ստանձնել ենք

Սպորտ

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի և ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի հանդիպումը Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովի, ինչպես նաև ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ և Սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքպերովի հետ: 

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սալավեյչիկը և Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Եվրաիմ Զինգերը: Հանդիպման նպատակն է եղել ՀՀ իշխանություններից անվտանգության երաշխիքներ ստանալը սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը այդ պետության թիմի մասնակցության համար: Այս կապակցությամբ ստորագրվել է հուշագիր, և հայկական կողմը պաշտոնապես ստանձնել է հյուրերի անվտանգության ապահովումը:

ՙԻնչպես նախօրոք նշել ենք, մենք հոժարակամ, հյուրընկալ ազգի պես կընդունենք մեր հյուրերին' անկախ ազգային և կրոնական պատկանելությունից: Եվ մեր գերնպատակն է Հայաստանը տարածաշրջանում սպորտային միջոցառումների կազմակերպման գերտերություն դարձնելը, քանի որ ունենք բոլոր հնարավորությունները այդպիսին լինելու համար: Նման հուշագրերը միայն մեր երկրի առավելության մասին են խոսում, ու սա ևս մեկ ապացույց է, որ սեպտեմբերին կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կազմակերպվում է բարձր մակարդակով ու մեր պետության բարձր հովանու ներքո՚,- այսօրվա հանդիպումը մեկնաբանեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:

Սպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները նաև քննարկել են որոշ կազմակերպչական հարցեր:

Ի դեպ, ադրբեջանցի նախարարները հուշագիրը ստորագրելուց հետո մեկնել են Հայաստանից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը բացի Ադրբեջանից մասնակցում են ևս 39 երկիր' այդ թվում Հայաստանը: