Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց երեք անդամի

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր, Երեւանի ժամանակով 18:00-ին, սկսեց նախապատրաստվել սեպտեմբերի 5-ին նախատեսված Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ հանդիպմանը` «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում անցկացնելով առաջին մարզումը:

Անդրանիկ պարապմունքին մասնակցեցին հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից հրավիրված 20 ֆուտբոլիստներից 17-ը: Բացակայում էին կիսապաշտպաններ Արարատ Առաքելյանն ու Հենրիխ Մխիթարյանը եւ հարձակվող Հովհաննես Գոհարյանը: Հավաքականի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանն այդ կապակցության ասաց, որ նրանք արդեն ժամանել են Երեւան, բայց քանի որ իրենց թիմի կազմում երեկ մասնակցել են առաջնության հերթական խաղերին, ուստի այսօր հանգստանում են:

Հարկ է նշել, որ խմբակային մարզումներին մասնակցեցին 15 ֆուտբոլիստներ, իսկ ահա Արտավազդ եւ Արման Քարամյաններն առանձին պարապմունք անցկացրին: «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե ինչու են նրանք անհատապես մարզվում, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ նրանց վնասվածքներ չունեն, պարզապես վերականգնողական վարժություններ կատարեցին, քանի որ անցած շաբաթվա մեջ անցկացրել էին 3 դժվարին հանդիպումներ (երկուսն Ռումինիայի առաջնությունում, մեկը` ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների գավաթի խաղարկությունում): Վաղը մեր ընտրանին կանցկացնի եւս երկու մարզում, իսկ մինչխաղային հաջորդ երկու օրերին նախատեսված է մեկական պրապմունք: