Արոնյանն այս անգամ երկրորդն է
Աջակցիր «Ա1+»-ինՋերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի թվով 5-րդ «Գրան-պրիին»: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում էին ուկրաինացի եւ հունգարացի գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկն ու Պետեր Լեկոն, որոնք իրենց ակտիվում ունեին 7,5-ական միավոր:
Նրանցից 0,5 միավորով ետ էին մնում չորս շախմատիստ, այդ թվում մեր հայրենակից Լեւոն Արոնյանը, ուստի առաջին տեղին հավակնում էին վեց հոգի: Մրցաշարի հաղթող դարձավ Իվանչուկը, որը վերջին տուրում սեւ խաղաքարերով հաղթեց Հայաստանի երկրորդ մասնակից Վլադիմիր Հակոբյանին եւ վաստակեց 8,5 միավոր: Իսկ ահա մրցաշարը սկզբից գլխավորող Լեկոն պարտվեց Իսրայելի ներկայացուցից Բորիս Գելֆանդին եւ նույնիսկ չկարողացավ մրցանակային տեղ գրավել: Վերջին պարտիան վստահ անցկացրեց նաեւ Արոնյանը, որը հաղթեց մրցաշարի ետնապահներից մեկին' Էռնեստո Ինարկիեւին եւ վաստակեց 8 միավոր: Այդպիսով, մեր գրոսմայստերը, որը մինչ այդ հաղթող էր ճանաչվել «Գրան-պրիի» նախորդ երկու մրցաշարերում, այս անգամ 2-3-րդ տեղերը բաժանեց Գելֆանդի հետ: Վ. Հակոբյանն այս անգամ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ եւ 5 միավորով զբաղեցրեց ընդամենը 11-րդ տեղը:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի «Գրան-պրիի» ընդհանուր աղյուսակը ներկայում վստահ գլխավորում է Լեւոն Արոնյանը: Վերջին' 6-րդ մրցաշարը տեղի կունենա Չեխիայի Կառլովի Վարիում, որին կմասնակցեն մեր երկու գրոսմայստերները:
Ամփոփիչ աղյուսակ
1. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)' 8,5
2-3. Լեւոն Արոնյան (Հայաստան)' 8
Բորիս Գելֆանդ (Իսրայել)' 8
4-6. Պետեր Լեկո (Հունգարիա)' 7,5
Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)' 7,5
Եվգենի Ալեկսեեւ (Ռուսաստան)' 7,5
7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)' 7
8. Պավել Էլյանով (Ուկրաինա)' 6,5
9-10. Էտիեն Բաքրո (Ֆրանսիա)' 6
Գատա Կամսկի (ԱՄՆ)' 6
11-12. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)' 5
Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)' 5
13. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)' 4,5
14. Իվան Չեպարինով (Բուլղարիա)' 4