Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3:4-ի փոխարեն 1:4

Սպորտ

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ անհետաքրիր պայքարում: Արդյունքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ: Ավաղ, դիպուկ հարվածով աչքի ընկավ հյուրերի պաշտպան Վիկտոր Գոլովատենկոն, որը հաղթող դուրս եկավ օդային մենամարտում: Ընդմիջումից հետո նա հեռահար հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Մեր ֆուտբոլիստները չցանկացան համաձայնել պարտության մտքի հետ եւ սկսեցին մեծ ուժերով գրոհել: Մրցակիցն իր հերթին դիմում էր սուր հակագրոհների: 69-րդ րոպեին մեր թիմը 11 մետրանոցի իրավունք նվաճեց, սակայն Հովհաննես Գոհարյանի հարվածը ետ մղեց մոլդովացիների դարպասը:

Ճիշտ է, քիչ անց Արարատ Առաքելյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հյուրերը շուտով վտանգավոր հակագրոհ կազմակերպեցին եւ փոխարինման մտած Վալերի Անդրոնիկը երրորդ անգամ գրավեց Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Այդ գոլից հետո տեղի տվեց ֆուտբոլասերներից մեկի նյարդերը, որը փորձեց մտնել խաղադաշտ եւ արտահայտել իր բողոքը, սակայն ոստիկանները շատ արագ ձերբակալեցին կարգազանցին:

Խաղն որքան մոտենում էր ավարտին, այնքան բորբոքվում էին կրքերը խաղադաշտում: Երկու անգամ կողմերը քիչ մնաց դիմեին ձեռնամարտի: Լավ է, որ հարաբերություններ պարզող ֆուտբոլիստները վերջին պահին կարողացան զսպել իրենց:

90-րդ րոպեին մեր թիմը երկրորդ 11 մետրանոցի իրավունք ստացավ, բայց այս անգամ Սարգիս Հովսեփյանի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:

Սակայն այսքանով չավարտվեց հանդիպումը: Գլխավոր մրցավարը ավելացրած ժամանակի վերջին րոպեին կասկածելի 11 մ հարված նշանակեց մեր թիմի դարպասին: Մոլդովայի հավաքականի փորձառու պաշտպան Ալեքսանդր Եպուրյանուն վստահ գրավեց դարպասը` 4:1, եւ մեր խաղացողներին ցույց տվեց, թե ինչպես է հարկավոր հարվածել 11 մետրանոց նշանակետից: Այդպիսով, Հայաստանի հավաքականն առաջին անգամ պարտվեց սեփական հարկի տակ անցկացրած ընկերական խաղում:

 

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին ասաց, որ Հայաստանի ընտրանու խաղը լավ տպավորություն թողեց, եւ որ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի ընթացքին:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախ ներողություն խնդրեց լրատվամիջոցներից ու հայ ժողովրդից` նման խոշոր պարտության համար, ապա ասաց, որ խաղը բացահայտեց մեր թիմի այն թերությունները, որոնց ուղղությամբ աշխատանքներ կտարվեն մինչեւ սեպտեմբերի սկզբին կայանալիք ընտրական հանդիպումները: