Հայաստանն ու Մոլդովան այսօր կմրցեն 4-րդ անգամ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտավախություն ունի, որ Մոլդովայի ընտրանու հետ հանդիպմանը իր սաները չկարողանան ցույց տալ այնպիսի թիմային խաղ, որին նա սպասում է: Հիշեցնենք, որ Հայաստան - Մոլդովա ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր` օգոստոսի 12-ին, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:
«Ֆուտբոլիստները երկար ժամանակ չեն խաղացել իրար հետ, ուստի համագործակցության պակասը զգացնել է տալիս, բացի այդ թիմում շատ են նորեկները: Ուստի չեմ կարող ասել, թե որքանով կստացվի թիմային խաղը: Սակայն կաշխատենք ուրիշ որակներով փոխհատուցել այդ բացը», - վերջին մարզման ավարտից հետո «Ա1+» -ին ասաց Վարդան Մինասյանը:
Նախորդ հանդիպման համեմատ` մեր հավաքականում կադրային մեծ փոփոխություններ են տեղի ունեցել. Էստոնիայի ընտրանու հետ խաղում հայտավորված 18 ֆուտբոլիստներից այսօր թիմի կազմում մարզվում են միայն ինը: Բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին, կիսապաշտպաններ Լեւոն Փաչաջյանը, Արտավազդ Քարամյանը, Արթուր Ոսկանյանը, Արտակ Դաշյանը, հարձակվողներ Արման Քարամյանը, Էդգար Մանուչարյանը, Արա Հակոբյանը, Գեւորգ Ղազարյանը:
«Նրանց մի մասն այժմ լավ մարզավիճակում չեն գտնվում, իսկ մի մասն էլ խնդրել են չներգրավվել իրենց առաջիկա հանդիպմանը, քանի որ առանց այն էլ շատ են ծանրաբեռնված իրենց թիմերում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն էլ 100 տոկոսով պատրաստ են Մոլդովայի հավաքականի հետ խաղին: Այս խաղը մեզ հնարավորություն կտա ստուգել նորեկներին, ինչպես նաեւ կօգնի մեր երիտասարդ ֆուտբոլիստներին ձեռք բերել նման բարձր մակարդակի հանդիպումների փորձ: Բայց մեր առաջին խնդիրն է հաղթանակ տանել այս խաղում, թեեւ շատ դժվար է ասել, թե ինչպես կընթանա այն: Համոզված եմ, որ հաղթանակը մեզ վստահություն կտա Բոսնիայի հավաքականի հետ ընտրական խաղից առաջ: Կարեւորն այն է, որ տղաները վնասվածքներ չունեն եւ լիովին պատրաստ են մոլդովացիների հետ հանդիպմանը»,- ասաց մարզիչը:
Մեր հավաքականը խաղին նախապատրաստվելու համար եռօրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Երեւանում: Մինասյանը սկզբում թիմ էր հրավիրել 19 խաղացող, որից հետո հրավիրել է նաեւ նաեւ Ռոբերտ Արզումանյանին: Վնասվածքի պատճառով հավաքից դուրս է մնացել «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, եւ գլխավոր մարզչի տրամադրության տակ մնացին նույնքան, 19 ֆուտբոլիստներ:
Հավաքականի կազմում են.
Դարպասապահներ` Գևորգ Կասպարով («Ուլիս»), Ստեփան Ղազարյան («Բանանց»):
Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան (երկուսն էլ «Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Ալեքսանդր Թադեւոսյան, Աղվան Մկրտչյան («Միկա»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա):
Կիսապաշտպաններ` Արարատ Առաքելյան, Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Դավիթ Գրիգորյան («Ուլիս»), Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա):
Հարձակվողներ` Եղիա Յավրույան («Մակքաբի» Թել-Ավիվ, Իսրայել), Մարկոս:
Այսօրվա խաղը արեւմտյան տրիբունայից դիտելու համար պետք է վճարել 2000 դրամ, արեւելյանից` 1000, հյուսիսայից ու հարավայինից` 500-ական դրամ:
Նշենք, որ Հայաստանի եւ Մոլդովայի ընտրանիները չորրորդ անգամ կմրցեն միմյանց հետ: Նախորդ երեք խաղերից մեկն ավարտվել է մեր թիմի հաղթանակով (2:1), իսկ երկուսում գրանցվել են ոչ-ոքի արդյունք (0:0, 2:2):