Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարների բացահայտ առավելությամբ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո էլ ավելի մեծացավ առաջատար եւ ետնապահ թիմերի միջեւ եղած միավորների «ջրբաժանը»:

Այս տուրում առավել սկզբունքային նշանակություն ուներ «Միկա» - «Արարատ» հանդիպումը, թեեւ վերջինս այս մրցաշրջանում շատ անհաջող է հանդես գալիս: Արարատցիներին այժմ մարզում է «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը: Ավաղ, մեր ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրը` «Արարատ»-ը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, եւ զիջեց մրցակցին 1:5 խոշոր հաշվով:

Խաղի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը ասաց, որ նման արդյունքից հետո, ինքնին, գոհ է իր սաների խաղից: «Սակայն կարեւորն այն է, որ ֆուտբոլիստները սկսել են լավ հասկանալ միմիանց դաշտում: Դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք եղածով: Մենք դեռ աճելու, խաղը ուժեղացնելու տեղ ունենք: Նախկինում մենք մտածում էինք միավորներ չկորցնելու մասին, իսկ այժմ մտածում ենք միմիայն դրանք վաստակելու մասին, քանի որ մեր նպատակը երկրի չեմպիոնի կոչումը նվաճելն է»:

«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ալբերտ Սաֆարյանը խաղի կապակցությամբ նշեց, որ ֆուտբոլիստների գործողություններում շատ էր խոտանը, եւ որ նրանք չկատարեցին իրենց հանձնարարած առաջադրանքները` խախտելով խաղային կարգապահությունը:
Մեր թղթակցի այն հարցին, արդյոք հոգեբանական խնդիրներ կան «Արարատում», Ա. Սաֆարյանն ասաց. «Մեր ֆուտբոլիստները մարտականորեն են տրամադրվում բոլոր խաղերին: Նրանք միշտ էլ ձգտում են հաղթանակի»: Սակայն մեր այն հարցին, արդյոք «Միկայի» խաղից առաջ «Արարատի» առջեւ հաղթելու խնդիր էր դրվել, Ա. Սաֆարյանը պատասխանեց, որ իրենց կգոհացներ նույնիսկ ոչ-ոքի արդյունքը:

Հերթական հաղթանակները տարան նաեւ «Փյունիկն» ու այս մրցաշրջանի հայտնությունը համարվող «Ուլիսը»: Հանրապետության չեմպիոնը ի հաշիվ Սարգիս Հովսեփյանի 11 մ խփած միակ գոլի առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ, իսկ Սեւադա Արզումանյանի սաները` «Ուլիսը», Կապանում ջախջախեցին տեղի «Գանձասարին»` 3:0, որը բավական վստահ էր սկսել երրորդ շրջանը` տանելով երկու անընդմեջ հաղթանակ: «Շիրակ» - «Բանանց» խաղում գրանցվեց այս տուրի միակ խաղաղ արդյունքը` 0:0:

Այդպիսով, առաջնության երեք առաջատարները վաստակելով հերթական 3-ական միավորները, էլ ավելի առաջ «պոկվեցին» իրենց հետապնդող «Բանանցից» ու «Գանձասարից»:

Մրցաշարային աղյուսակ
                   Խ   Մ
1. «Միկա»     17 38
2. «Փյունիկ»   16 38
3. «Ուլիս»      17 33
4. «Բանանց»   16 28
5. «Գանձասար» 17 23
6. «Շիրակ»      17 15
7. «Կիլիկիա»   17 11
8. «Արարատ» 17 3